ԳԱԱ-ում ընտանեկան կապալի սկզբունքն է. տեղ ունեն միայն տնօրենի ազգականները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԳԱԱ  Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանն ստորագրեց հայտնի տնտեսագետ, դոկտորանտ Վիլեն Խաչատրյանի աշխատանքից ազատման հրամանը: Ձեւական պատճառն այն է, որ մայիսի 1-ին լրանում էր Վիլեն Խաչատրյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը: Նա ընդամենը 34 տարեկան է, բայց արդեն հասցրել է աչքի ընկնել ՀՀ տնտեսության վերլուծություններով, դրամավարկային եւ ֆինանսական իրավիճակի ու հեռանկարների գնահատականներով:

Նա դոկտորանտ է, 5 մասնագիտական գրքերի, 25 հոդվածների հեղինակ, 20 միջազգային կոնֆերանսների մասնակից: Երկու տարի առաջ նա հաղթեց ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխությունում եւ արժանացավ  «Մխիթար Գոշ» մրցանակին: Բայց այսպիսի կադրեր մեր Էկոնոմիկայի ինստիտուտին պետք չեն: Վիլեն Խաչատրյանի համար այնտեղ տեղ չկա: Փոխարենը տեղեր կան Վլադիմիր Հարությունյանի ազգականների համար:

Ընտանեկան կապալի սկզբունքով նա իր ինստիտուտում գործի է ընդունել իր ողջ ընտանիքին՝ կնոջը, որդիներին, դստերը, սնուցելով իր գերդաստանը ՀՀ պետբյուջեից գիտության զարգացմանը հատկացվող գումարներից: Այսպես, ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի կինը՝ Անահիտ Խաչատուրի Մարկոսյանը, Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտահրատարակչական բաժնի վարիչն է: Նրանց դուստրը՝ Աննա Վլադիմիրի Հարությունյանը, կրտսեր գիտաշխատող է նույն հիմնարկում, իսկ որդիները՝ Դավիթ եւ Տիգրան Հարությունյանները, ավագ գիտաշխատողներ են: Ի դեպ, նույն ինստիտուտում են աշխատում նաեւ դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը եւ նրա եղբայրը՝ Արթուր Մանասերյանը, որը կրտսեր գիտաշխատող է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս