Ինչու է Մարտուն Գրիգորյանը 3 մլն դրամ պահանջում կալանավորված վարորդից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տրանս ակնթարթ» ընկերության սեփականատեր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անցած տարվա նոյեմբերի 10-ին Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած վթարից հետո դատական հայց է ներկայացրել «Կամազ» մակնիշի վարորդ Մանվել Վարդանյանի դեմ՝ նրանից պահանջելով 3 միլիոն 600 հազար դրամ գումար: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պահանջված գումարը իրենք բաժանելու են վթարից զոհվածների ընտանիքներին:

Հիշեցնենք, որ նշված օրը միմյանց էին բախվել «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող, Մանվել Վարդանյանի վարած «Կամազ» մակնիշի ու «Տրանս ակնթարթ» ընկերությանը պատկանող, Ռազմիկ Մկրտչյանի վարած «Գազել 32» մակնիշի ավտոմեքենաները: Արդյունքում «Գազելն» այրվել էր, 7 ուղեւորներ մահացել էին տեղում, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: «Գազել» մակնիշի ավտոմեքենան սպասարկում էր Երեւան-Գյումրի երթուղին, որը պատկանում է «Տրանս ակնթարթ» ընկերությանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է «Տրանս ակնթարթ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից պարզել, թե ինչու է նա որոշել դատական հայց ներկայացնել վարորդի դեմ. «Հայցը ներկայացրել է «Տրանս ակնթարթ» ընկերությունը, այն բավարարվելու պարագայում այդ գումարները փոխանցվելու են զոհվածների եւ վիրավորների հարազատներին: Դժբախտ պատահարի մեջ հայտնված վարորդի պաշտպանը իր պահվածքով դրդել է «Տրանս ակնթարթ» ընկերությանը, որպեսզի նրանք նման քայլի դիմեն: Պաշտպանը մշտապես իր հայտարարություններում ասում է, թե պատգամավորը խոչընդոտել է քննության ընթացքին, քանի որ ինքը գծատեր է, մենք պետք է տուժենք ու նմանատիպ խնդիրների առաջ կանգնենք, իսկ դրանք անհարկի շահարկումներ են»:

Պատգամավորը հայտարարեց, թե այդպիսով ընկերությունը փորձել է «բացահայտել, որ «Կամազի» վարորդի պաշտպանը իր հայտարարություններով ավելի շատ է վնասում իր պաշտպանյալին. «Ես ոչ թե արժանապատվության խնդիր եմ դրել, այլ կոնկրետ նախաքննությունն ընթանում է, ես բացարձակապես տեղեկատվություն չունեմ, մի օր չենք հետաքրքրվել, թե քննությունն ինչպես է ընթանում: Բայց հետո պարզվել է, որ պաշտպանը աջ-ձախ հայտարարում է, թե քանի որ գծատերը պատգամավոր է, բնականաբար պետք է քննության արդյունքները ի օգուտ «Գազելի» վարորդի լինեին»:

«ժողովուրդ»-ը զրուցել է նաեւ Մանվել Վարդանյանի պաշտպան Լիանա Բալյանի հետ,որը զարմացավ պատգամավորի հայտարարությունից նշելով, որ ինքը իր փաստաբանական պարտքն է կատարել եւ ներկայացված հայցը ոչ, թե իր դեմ է այլ վարորդի: Փաստաբանը նշեց նաեւ, որ ինքն այնքան լավ է իր գործը կատարում, որ առաջացրել է պատգամավորի զայրույթը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս