Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում սկսվեց Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ նրա 3 որդիների դատավարությունը: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն): Մարտիրոսյանները մեղադրվում են այս տարվա մարտի 25-ին Ազատամուտում քարերով, բահի կոթերով, անկոթ բահերով, կենցաղային կացնով եւ մետաղական խողովակների կտորներով 3 անձանց ծեծի ենթարկելու, ապա քարերով ծեծված անձանց տների պատուհանները կոտրելու մեջ: Նշենք, որ գյուղապետ Ժ. Մարտիրոսյանը 2006թ. դեկտեմբերի 28-ին դատապարտվել է նույն՝ խուլիգանության հոդվածով: Դատավարության առաջին նիստում Ազատամուտի գյուղապետն ու նրա 3 որդիները հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում: Դատարանում նրանց շահերը պաշտպանում է դիլիջանցի փաստաբան Անահիտ Եսայանը: Հոկտեմբերի 22-ի նիստում դատարանում ցուցմունքներ տվեցին քրեական գործով 3 տուժողները: Գյուղապետի եւ նրա 3 որդիների խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Շուրջ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 23-ին, ՀՀԿ անդամ, կուսակցության կողմից թեկնածու առաջադրված Ժ. Մարտիրոսյանը վերընտրվել է Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնում: Ի դեպ, համայնքապետի ընտրություններում Մարտիրոսյանի մրցակիցն էր այս քրգործով տուժողներից մեկը՝ Արտեմ Սարիբեկյանը, որը նախկինում՝ շուրջ 12 տարի, զբաղեցրել է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ԽՈՒԼԻԳԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ