Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 10:50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նախկին Ջրաշատ, ներկայիս Սարմենի փողոցի սեփական տներից մեկում մահացած երիտասարդ կա:
Օպերատիվ քննչական խումբը նշված տան տանիքում հայտնաբերել է 30-ամյա Էդգար Թովմասյանի դին՝ կախված վիճակում: Թե ինչն է եղել նման քայլի պատճառը, դա պետք է պարզվի քննչական բաժնում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի հետ զրույցում հարևանները պատմել են, որ երիտասարդը ամուսնալուծված էր: Ուներ երկու անչափահաս աղջիկ և նախկինում աշխատել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում որպես քննիչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը հագուստի մեջ հայտնաբերել է երկտող, որտեղ մասնավորապես գրված էր՝ խնդրում եմ ներեք, ոչ մեկի չմեղադրեք այս քայլի համար, հոգնել եմ ամեն ինչից:
Քննիչի կողմից հայտնաբերված նամակը առգրավվել է և նշանակվել է ձեռագրաբանական փորձաքննություն: