ԶԻՆՎՈՐԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Ռոմիկ Քոչարյանը պատմեց, որ իր որդին՝ զորակոչիկ Արթուր Քոչարյանը, N զորամասում սեպտեմբերից հիվանդացել է դեղնախտով, այնուհետեւ՝ ջրծաղիկով: Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրված զինվորը հետեւողական բուժում չստանալու պատճառով այժմ լուրջ առողջական խնդիրներ ունի. նրա կյանքին վտանգ է սպառնում. Արթուրին պետք է անհապաղ տեղափոխել Մոսկվա՝ բուժման, սակայն ՊՆ-ն հրաժարվում է ֆինանսավորել:
Զինվորի հայր Ռոմիկ Քոչարյանը ներկայացրեց, որ իրենք Տավուշի Սեւքար գյուղական համայնքից են. «Էն որ ասում են՝ ձեռքն էլ կտրես, կյանքում չի բողոքի, էդ իմ որդին ա, ինքը հիվանդացել է՝ մի անգամ դեղնախտով, մի անգամ էլ ջրծաղիկով, ու տենց ոտի վրա անցել ա: Հետո էրեխու ոտքի վրա վերք ա եղել, գնացել ա սանչաստ, վիրակապելուց հետո զգացել են, որ դեմքին ուժեղ դեղնություն կա, մի խոսքով, էրեխուն ըտեղից տեղափոխել են հոսպիտալ»:
Մեր զրուցակիցը նշեց, որ որդուն տեղափոխել են հիվանդանոց դեղնախտի նախանշաններով, սակայն այնտեղից միանգամից տեղափոխել են Երեւանի Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: «Մեկ շաբաթ հետո էրեխու մոտ սկսեց քթից ու բերանից շատ ուժեղ արնահոսել, ու սկսեց ամեն օր վատանալ: Տարբեր անալիզներ վերցրին, ասեցին, թե էրեխու մոտ արյան վարակ էլ չկա, ամեն ինչ նորմալ է: Այնուհետեւ էլի անալիզ տվեցինք, ու պատասխան եկավ, որ լյարդի ֆունկցիայի խանգարման պատճառով արտադրվել է թույն, որը գնացել է ոսկրածուծի մեջ, մի խոսքով, տեղափոխեցին Արյան փոխներարկման ինստիտուտ»,-պատմեց հայրը:
Նա հայտնեց, որ բժիշկն իրենց տեղեկացրել է, թե Արթուրին պետք է անհապաղ տեղափոխել արտերկիր՝ բուժում ստանալու. «Նույնիսկ բժիշկը գրություն ուղարկեց ՊՆ, որ մենք հրաժարվում ենք Հայաստանում էս էրեխուն բուժելուց, քանի որ հնարավորություն եւ դեղորայք չկա, պայմանները չեն ներում, արտերկրո՛ւմ բուժում փնտրեք: Հիմա մենք պարզել ենք, որ Մոսկվայում եւ Լենինգրադում այդ հնարավորությունը կա՝ բուժելու, իսկ գումարային ծախսերը կազմում են 65 հազար ԱՄՆ դոլար»:
Զինվորի հայրն ասաց, որ ՊՆ տարբեր աշխատակիցներ «մեկ ամիս փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ, թե լավ կլինի, ինչ փող պետք է՝ կտանք». «Բայց փաստը մնում է փաստ, որ գումար չեն տրամադրում: Ընդամենը 2 հազար դոլարի կարգի են տալիս: Ի՞նչ է սա նշանակում, գնա մեռի՞»:
Ծնողները ստիպված են եղել դիմել ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանին ու աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանին՝ խնդրելով օգնել փրկել իրենց որդու կյանքը: «Մենք մտանք իրանց մոտ, ասում են՝ չենք կարող ֆինանսավորել, գնացե՛ք մի բա՛ն արեք: Այսինքն՝ էսօր զինվորի ծնողը, որի զավակին, կոպիտ ասած, հաշված րոպեներ են մնացել ապրելու, պիտի ընկնի, փող ճարի, որ ՊՆ-ի պատճառով եղած հիվանդություն բուժի՞: Ես ո՞նց իմ էրեխուն ուղարկեմ Մոսկվա: Ցանկացած նորմալ մարդ, որ էդ էրեխուն տեսնի, կվախենա: Էս ի՞նչ արին իմ երեխու հետ»,-հարց ուղղեց զինվորի հայրը:
Տեղեկացնենք, որ Արթուր Քոչարյանը նոյեմբերի 29-ին պետք է զորացրվեր, ու հավանաբար դա է եղել ՊՆ աշխատակիցների անփութության ու անուշադրության պատճառը. մտածել են, թե տուն կգնա, կառողջանա, ի՞նչ իմաստ ունի զբաղվել նրանով: Արդյունքում՝ զինվորը ծայրահեղ ծանր վիճակում այսօր պառկած է հիվանդանոցում:
«Տղուս չենք էլ ասել, որ լուրջ առողջական խնդիրներ ունի: Գիտի՝ հեսա մոտակա ժամանակներս բուժվելու է: Ասում ա՝ ասե՛ք, որ իմ բիլետի մեջ հանկարծ նիգոդնի չգրեն, ասում ա՝ ես կգնամ, ինձ կկախեմ: Էնքան հայրենասեր է, չեք պատկերացնում: Անգամ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվել է՝ անձնական ժամացույց է ստացել, ու էդ տիպի զինվորի համար էսօր կանգնել ասում են՝ գումար չունենք: Բա էլ ինչի՞ համար ենք էս երկրում ապրում, էսօր ՊՆ-ն չի կարում օգնի զինվորին: Ամսից ավել ա՝ էս էրեխեն կիսամեռ վիճակում պառկած ա»,-վրդովված ասաց Ռ. Քոչարյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզաբանումներ ստանալ այս առիթով: Խոսնակն ասաց, թե այդ հարցին պետք է պատասխանի ոմն Նարեկ Կոխլիկյան: Սակայն վերջինս էլ մեր գրավոր ուղարկված հարցերին չկարողացավ պատասխանել՝ պատճառաբանելով տեխնիկական խնդիրները:
Եւ այսպիսի տեխնիկական խոտանով էլ ՀՀ ՊՆ-ն շարունակում է ձեւախեղել հայ զինվորներից շատերի ճակատագրերը. Սեյրան Օհանյանն էլ, հավանաբար շրջագայություններով տարված, ժամանակ չունի զբաղվել զինվորների խնդիրներով: Արդյունքում՝ սովորական թվացող հիվանդությունը ճակատագրական է դարձել 20-ամյա Արթուր Քոչարյանի համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս