Դերասան-հաղորդավար Հովհաննես Ազոյանը, նեղված այսօրվա քաղաքական իրադարձություններից, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Եթե հանդիպեի Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին, ապա կասեի… Իսկ հիմա պարզապես ուզում եմ ասել հետեւյալը: Սիրտս կտոր-կտոր է լինում ՀԱԿ-ի տղաներին ազատազրկման ենթարկելու որոշման պատճառով, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ միգուցե թքած ունեք իմ սրտի վրա… էլի մեղադրելու չէ: Քաղաքական պրոցեսներն են մեղավոր… Եթե պատիվ ունենայի հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին, ապա կասեի` պարոնայք, ձեր քաղաքական պրոցեսների պատճառով ստեղծել եք մի մեքենա, որը խժռում է մեզ եւ խժռելու է բոլորիս: Իսկ բոլորի մեջ մտնում են բոլորը: Ինչո՞ւ եք բոլորիս աչքի առաջ խաչում ազատասեր այդ տեսակին: Ինչո՞ւ եք կոտրում նրանց ապագան, երազանքները, սերը, Նոր տարին, ճերմակ ձյունը, որը շատ սիրուն է լինում Երեւանում, գարունը կանաչ: Ինչո՞ւ: Չէ՞ որ դուք էլ ունեք զգացմունքներ… մի հատ վեր դասեք ձեր զգացմունքները ձեզանից: Եթե պատասխանը լինի՝ այդպես է պետք, ապա ՀԱԿ-ի տղաներին կասեմ՝ տղերք, բարի երթ դեպի բանտ եւ կներեք ձեր պատիժն արժանապատիվ, դա ձեր առաքելությունն է: Իսկ ես կփորձեմ ծիծաղեցնել եւ ծիծաղել: Եւ եթե ես խանգարում եմ քաղաքական պրոցեսներին, մի բան էլ ինձ համար մտածեք»:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ