Նոյեմբերի 14-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Մադաթյան փողոցում: 65-ամյա Օֆելյա Ասլանյանն իր բնակարանի լոգարանում կախվել է:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հետ, որը հետեւյալը պատմեց. «Անձամբ ճանաչում եմ ինքնասպանություն գործածի ընտանիքի հարազատներին եւ եղել եմ իրենց բնակարանում: Նորմալ ընտանիք է: Իր երեխաները բարձրագույն կրթություն ունեին: Երկու տղա ուներ, եւ եթե չեմ սխալվում՝ երեք աղջիկ: Աղջիկներից մեկը նաեւ իմ դասընկերուհին է եղել, հավասարակշռված ընտանիք էր»:
Արտակ Գեւորգյանի պարզաբանմամբ` Օֆելյա Ասլանյանի ամուսինը երկու ամիս առաջ է մահացել. «Հավանաբար ամուսնու մահվան հետ կապված՝ իրավիճակի հետ չհամակերպվելու գործոններն են եղել պատճառը, որ գնացել է այդ քայլին: Ինչքան գիտեմ, դեպքի ժամանակ ընտանիքի անդամները տանը չեն եղել»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ինքնասպան եղած կինը գրություն է թողել, թե ինքն այլեւս չի ցանկանում ապրել: Սակայն որեւէ մեկին չի մեղադրել կատարվածի մեջ: Քաղաքապետն այդ գրության մասին լուրեր լսել էր, բայց նշեց, որ հավաստի տեղեկություններ չունի եւ այլ մանրամասներ չի կարող ասել:
Ըստ մեր տեղեկությունների` Օֆելյա Ասլանյանը հաճախ հարեւանների մոտ բողոքել է, թե ամուսնու մեծ տղան՝ Սոս Եգանյանը, անընդհատ բնակարանի պատճառով անհանգստացրել է իրեն, թե իբր ամուսնու մահից հետո միգուցե նա իր բնակարանը նվիրաբերի իր հարազատներից մեկին եւ չտա խորթ տղաներին: Օֆելյայի խորթ տղան «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է եւ մշտապես խառը պատմությունների մեջ է եղել, իսկ մյուս եղբայրը՝ Լեւոն Եգանյանը, աշխատում է Արթիկի պետեկամուտների կոմիտեում:
Զրուցեցինք նաեւ մահացած տիկնոջ հարեւանների հետ: «Օֆելյան շատ նորմալ կին էր: Լսել եմ, թե հիվանդ էր եւ ինչ-որ առողջական խնդիրներ ուներ: Անկեղծ ասած, նա իր ամուսնու երրորդ կինն էր, եւ բավական սիրով ամուսիններ էին: Օֆելյան էլ շատ լավ կին էր, ուսուցչուհի է եղել դպրոցում եւ լավ հարաբերություններ ունեցել հարեւանների հետ: Իսկ թե ինչի գնաց այդ քայլին, չեմ կարող պատասխանել: Ես երեկոյան եկա աշխատանքից եւ իմացա այդ դժբախտ պատահարի մասին: Շենքի բնակիչներն այդ օրը հավաքված էին բակում, բոլորն էլ զարմացած էին ու ապշած, թե այս ինչ կատարվեց»,-ասաց հարեւաններից մեկը:
Նշենք, որ օրվա վերջում «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց մի տղամարդ, ներկայացավ, թե Օֆելյայի տղան է ու սկսեց հոխորտալ, թե մենք ինչու ենք հետաքրքրվում իր մոր ինքնասպանության գործով, եւ սպառնաց, թե Ազգային անվտանգությունը կզբաղվի մեզանով:
Հ.Գ. Նշենք, որ երեկ՝ ժամը 14:51-ի սահմաններում, Երեւանում նույնպես ինքնասպանության դեպք արձանագրվեց: Դավթաշենի կամրջի տակից հայտնաբերվեց 20-25 տարեկան անձը չպարզված երիտասարդի դի:
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ