ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅՏՆԻ ՉԷ
Խանջյան 20 հասցեի կիսակառույցի փլուզումից ավելի քան երկու շաբաթ է անցել, սակայն դեռ հայտնի չէ, թե ովքեր են փլուզման պատասխանատուները: Այս առիթով դիմեցինք «Չիլինգարյան դիզայն եւ շինարարություն» ՍՊԸ, որտեղից ներկայանալ չցանկացած աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ դեռ փորձաքննություն է ընթանում, այդ իսկ պատճառով չեն կարող ասել, թե ով է փլուզման պատասխանատուն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից նույնպես տեղեկացրին, որ փորձաքննության եզրակացությունը դեռ չկա: Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ տուժածներից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, եւ հավանաբար նա երկուշաբթի կտեղափոխվի հիվանդասենյակ: Նա ունի ողնաշարի ողի կոտրվածքներ: Հավելենք, որ այս առթիվ հարուցվել է քրգործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը:

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է
Ջրվեժի բնակարաններից մեկի մոտ նոյեմբերի 6-ին լքված նորածնի գործով քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի հատկանիշներով` կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Ժամանակ է պետք, որպեսզի առողջության առումով ուսումնասիրություն իրականացվի: Միգուցե երեխան առողջական խնդիրներ է ունեցել, եւ դրա համար է մայրը նրան դրսում թողել: Մորը փնտրելու համար ոստիկանությունը երեք ամիս ժամանակ ունի: Իսկ եթե այդ ժամանակահատվածում չստացվի նրան գտնել, ապա այդ ժամանակ երեխան կներկայացվի որդեգրման, բայց այդ ընթացքում էլ եթե մայրը հայտնվի, ապա կարող է հանգիստ վերցնել երեխային»:

Ս. Հ.




Լրահոս