ՀԱՐՑ. Երկու տարի առաջ վիրահատել են ոտքս, եւ գամված եմ անկողնուն: Ինձ պարբերաբար կանչում են բժշկասոցիալական հետազոտության, ինչն իմ վիճակում բավական դժվար է: Ինչո՞ւ վերջույթների անդամահատմամբ անձին առաջին անգամ կատարված փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբը չի սահմանվում անժամկետ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կախված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորությունից: Վերջույթի բացակայության դեպքում կախված է ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից:
ՀՀ բժշկասոցիալական
փորձաքննության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ներկայացված կարգի՝ ստացվում է, որ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում չեն բացառում, որ մարդու անդամահատված վերջույթը կարող է նորից աճել: Նման անհեթեթությունը մեկնաբանելն անգամ ծիծաղելի է: