«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը կարծես թե գտնվում է ոչ բարվոք ֆինանսական վիճակում: Գործարարը շարունակում է խուսափել պարտատերերի հանդեպ պարտավորությունների կատարումից, ինչը հիմք է հանդիսանում է նոր դատական հայցերի համար:
Փաստորեն Մանվել Տեր-Առաքելյանն այնքան է «խրվել» խնդիրների մեջ, որ անգամ պարտքով գումար է վերցրել թոշակառուից և այն չի վերադարձրել:
Դատելով Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0110/04015 հարկադրված սնանկության գործից, «Հին Էրիվան»-ի սեփականատերը պարտք է ոչ միայն բանկերին, այլ նաև տարբեր քաղաքացիներին: Այս անգամ գործարարին դատի է տվել թոշակառու Գևորգ Սարգսյանը, ումից Մանվել Տեր-Առաքելյանը դեռևս 2013 թվականին 3,5 մլն դրամի գումար է պարտքով վերցրել և խոստացել, որ կվերադարձնի այն մեկ տարի հետո, սակայն մինչ օրս դա չի արել: Թոշակառուն, կորցնելով հույսը, որ Մանվել Տեր-Առաքելյանը հոժարակամ կվերադարձնի պարտքը, 2015 թվականի մայիսին դիմել է դատարան` «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջը սնանկ ճանաչելու պահանջով:
Ի դեպ, հայցի առնչությամբ պատասխանող կողմը` Մանվել Տեր-Առաքելյանը, կարծես թե որևէ առարկություն չի ներկայացրել: Ըստ երևույթի, հակադրելու ոչինչ այլևս չունի, և ուզած թե չուզած պետք է մարի իր պարտքերը: Բացառված չէ նաև, որ սնանկության նոր գործը բխում է հենց Մանվել Տեր-Առաքելյանի շահերից, որպեսզի կարճվեն այլ պարտատերերի պահանջով իր դեմ հարուցված բազմաթիվ դատական գործերը…
Անի Ստեփանյան