Ո՞Վ ԵՎ Ի՞ՆՉ Է ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին կրակոցներ են արձակվել Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Ինչպես սպասվում էր, քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակների մոտ, անգամ միջազգային մակարդակով բուռն հետաքրքրություն առաջացավ թեմայի շուրջ: Եւ շատ գերատեսչություններ իրենց պարտքը համարեցին հանդես գալ բացատրություններով: Բայց դրանք էլ ավելի «խորացրին» մինչ այդ եղած կասկածները:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը տեղեկություն էր ստացել, որ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները միմյանց վրա են կրակել, որի արդյունքում կա մեկ ծանր վիրավոր, սակայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր. «Նման վիճաբանություն տեղի չի ունեցել, մեր աշխատակիցները երեկ (նոյեմբերի 21-ին-Ս. Գ.)՝ գիշերը, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհին, մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի»:
Մեր հրապարակումից հետո ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ պարզաբանել, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Այժմ փորձենք համադրել ոստիկանության ներկայացրած փաստերն ու ՊՊԾ ղեկավարի՝ մեզ հետ ունեցած զրույցը, եւ ամեն ինչ պարզ կլինի:
Ըստ ոստիկանության՝ «Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ  80 դպրոցին հարող հատվածում, նոյեմբերի 21-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս մոտ 5 մետր հեռավորությունից  կրակոց է արձակել իր երթեւեկելի գոտով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը, դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն, անդրադարձ է կատարել»: Դատելով ոստիկանության հաղորդագրությունից՝ մեքենան եղել է զրահապատ, քանի որ փամփուշտը դիպել է ապակուն ու անդրադարձ կատարել: Այնինչ ՊՊԾ ղեկավարը մեզ հետ զրույցում նշել էր, որ «ընդամենը մեքենան է վնասվել դիմապակու հետ»: Այսինքն՝ վնաս, այնուամենայնիվ, եղել է:
Ըստ նույն հաղորդագրության՝ «Օպել Վեկտրա»-ն «հայտնաբերվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում: Դրանում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, նույն տրամաչափի պարկուճ, վարորդի՝  Աշոտ Կարապետյանի փաստաթղթերը: Փաստի առթիվ  նոյեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ» ՀՀ քր. օր.-ի 34-րդ հոդվածի (հանցափորձ), 104 հոդվածի 1-ին (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին (ապօրինի զենք պահելը) մասերի հատկանիշներով:
Նշվում է նաեւ, որ Աշոտի ձախ ոտքի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք,  եւ բժշկական օգնություն ստանալու նպատակով նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ Աշոտը (կրակողը) հայտնել է, որ չի հիշում՝ ինչ է տեղի ունեցել իր հետ: Ստացվում է, որ մարդը ստացել է հրազենային վնասվածք, բայց չի հիշում, թե ինչ հանգամանքներում, մինչդեռ Հրաչյա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Չէ՛, մարդ չի վիրավորվել». կրկին անհասկանալի է մնում, թե պետական որ մարմինն է ստում: Բայց երբ շարունակում ենք ընթերցել ոստիկանության տարածած հաղորդագրությունը, արդեն հասկանալի է դառնում, թե ինչ է տեղի ունեցել:
Հաղորդագրությունում նշվում է, որ նոյեմբերի 22-ին Աշոտի կինը ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացրել «Մակարով» ատրճանակ՝  հայտարարելով, որ հայտնաբերել է իրենց տան մոտ՝ փողոցում դրված աղբամանի մեջ: Այսինքն, երբ Աշոտը հայտնվել է ոստիկանության թիրախում, նրա տան աղբամանի մեջ ատրճանակ է հայտնվել:
Այնուամենայնիվ, Աշոտը ցուցմունք է տվել, թե «նոյեմբերի 20-ին ինքը օղի է խմել ծնողների շիրիմի մոտ, հետո որոշել է գալ Երեւան: Ճանապարհին իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել եւ դիմել փախուստի: Հասնելով համալիրի մոտ՝ նկատել է մի ավտոմեքենա, որն իրեն նախազգուշացնող ազդանշան է տվել: Նրան վախեցնելու նպատակով նստելատեղի կողային հատվածից  վերցրել է ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակը եւ մեկ անգամ օդ կրակել»: Նկատեցի՞ք՝ ըստ հաղորդագրության՝ կրակոցները համալիրի մոտ են տեղի ունեցել, իսկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել էր (նաեւ ոստիկանության հաղորդագրության առաջին մասում նշված է), որ դեպքը տեղի է ունեցել Կոնյակի գործարանի մոտ:
ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության հաջորդ հատվածը հիշեցնում է մանկական «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը, երբ ոստիկանները նշել են, թե «Աշոտը փորձել է ատրճանակը դնել նստելատեղի ձախ հատվածում, որի ժամանակ պատահմամբ կրակել է իր ձախ ոտքին ու ստացել հրազենային վնասվածք: Դրանից հետո եւս 4-5 րոպե վարելով՝ մեքենան թողել է փողոցում ու տաքսիով գնացել տուն»: Հենց մի քանի տող վերեւում ոստիկանները գրել էին, որ Աշոտը չի հիշել, թե ինչպես է վիրավորվել: Պարզվում է՝ ոստիկանությունում նրա հիշողությունը վերականգնել են:
Ինչեւէ, այս փաստերը համադրելիս տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի աշխատակիցներին ուղղված կրակոցների գործը կոծկելու քայլեր են արվում (չի բացառվում, որ Աշոտն էլ հերթական Սերոբ Բոզոյանն է, որի վրա բարդվեց փուչիկների գործը): Մենք դեռ կհետեւենք թեմային:
Հ.Գ. Տեղի ունեցածն ուշագրավ է մեկ այլ առումով: 1998թ. հունվարի վերջին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ, գեներալ Ռոման Ղազարյանի մեքենայի վրա: Այս դեպքն իր ազդեցությունն ունեցավ 1998թ. փետրվարի 3-ի հեղաշրջման իրականացման գործում. Տեր-Պետրոսյանի իշխանությունը սկսեց թուլանալ: Ի դեպ, այն ժամանակ ԱԱ նախարարը Սերժ Սարգսյանն էր: Եւ իշխող ուժը՝ ՀՀՇ-ն, նրան մեղադրում էր անգործություն ցուցաբերելու, իր աշխատակցի դեմ իրականացված մահափորձը կանխել չկարողանալու, այնուհետեւ՝ չբացահայտելու մեջ: Զարմանալի համընկնումներ: Իսկ միգուցե եկել է Ս. Սարգսյանի իշխանության վերջը, եւ սա ազդակներից մե՞կն է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս