Տարիներ շարունակ Գյումրու հիմնախնդիրներից մեկը եղել ու շարունակում է մնալ լուսացույցների հարցը: Քաղաքում տեղադրված գրեթե բոլոր լուսացույցները ժամանակ առ ժամանակ գնում են հարկադիր պարապուրդի՝ խնդիրներ ստեղծելով ե՛ւ վարորդների, ե՛ւ հետիոտների համար: Ցավալին այն է, որ դրանք շատ հաճախ չեն աշխատում քաղաքի կենտրոնական փողոցներում, որտեղ առավել խիտ է երթեւեկությունն ու հետիոտների անցուդարձը: Բազմաթիվ գյումրեցիներ են փաստում, որ հաճախ ստիպված են եղել մի քանի րոպե կանգնել ու սպասել, մինչեւ իրենց անցնելու հերթը կհասնի, բայց ընթացքում հասկացել են` լուսացույցն առհասարակ չի աշխատում կամ, լավագույն դեպքում, թարթում է ընդամենը մեկ գույն:
Արդեն երկու օր է` նման իրավիճակ է ստեղծվել Մուսայելյան-Տերյան փողոցների խաչմերուկում: Գրեթե 1 ամիս այս փողոցն ամբողջությամբ փակ էր. իրականացվում էին հիմնանորոգման աշխատանքներ, որոնք ավարտվեցին մի քանի օր առաջ, եւ Մուսայելյան-Տերյան ու Մուսայելյան-Գորկի փողոցների խաչմերուկներում լուսացույցներ տեղադրվեցին: Նրանց արտաքին տեսքը քաղաքում եղածների կողքին «շքեղ էր», սակայն բնակիչների ուրախությունը կարճ տեւեց. Մուսայելյան-Տերյան խաչմերուկում տեղադրված լուսացույցը կանոնավոր աշխատեց ընդամենը 2 օր:
Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ Մուսայելյան-Տերյան փողոցի խաչմերուկում տեղադրված լուսացույցները չեն աշխատում: Նա ասաց, որ այդ հատվածի լուսացույցները հանվել են 20-25 օր առաջ, իսկ երթեւեկության համար ժամանակավոր դրված են թարթիչներ: Այս շաբաթ-կիրակի օրերին նախատեսված է տեղադրել նոր լուսացույցներ վայրկենաչափով: Բնակկոմունալ բաժնի պետի վստահեցմամբ՝ տեղադրվածները նոր լուսացույցներ չեն, դրանք հներն են վերանորոգված: Իսկ վայրկենաչափով լուսացույցներ տեղադրված են միայն Գորկի-Մուսայելյան փողոցների խաչմերուկում:
Բնակկոմունալ բաժնի պետը նշեց, որ Մուսայելյան-Տերյան խաչմերուկում նոր լուսացույցներ տեղադրելուց հետո հերթը կհասնի նաեւ գլխավոր փողոցներին: Առաջիններից մեկը կլինի Սայաթ-Նովայի փողոցը, բայց թե դա երբ կլինի, չգիտեր: Ի զարմանս մեզ՝ տեղեկացանք, որ քաղաքում առկա լուսացույցների աշխատանքն ամեն օր ստուգվում է, ու եթե լինում են վառված, փչացած լամպեր, անմիջապես փոխարինվում են նորերով: «Բոլոր պայմանները ստեղծել ենք, որ որեւէ լուսացույց խափանված վիճակում չթողնվի»,-ավելացրեց Կ. Մանասյանը:
Քաղաքում քիչ չեն նաեւ տեղադրված, բայց տարիներ ի վեր չգործող լուսացույցներ, որոնց վերանորոգման ու շահագործման համար քաղաքապետարանը ծրագիր ունի: Նախատեսվում է նաեւ լուսացույցներ տեղադրել այնպիսի վայրերում, որտեղ դրանք երբեք չեն եղել, բայց դա արդեն ծրագրի վերջին փուլում:
Գյումրի