ՀԱՐՑ. Ես զորակոչիկ եմ եւ ս.թ. նոյեմբերի 29-ին զորակոչվելու եմ բանակ: Ծնողներիս միակ զավակն եմ: Նրանք 3-րդ խմբի հաշմանդամներ են: Արդյոք ես օգտվում եմ բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Դուք օգտվում եք Ձեր բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից: Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողների՝ փաստացի բնակության) վայրից մինչեւ 100 կմ հեռավորությամբ տեղակայված զորամասը, որտեղ, վերը նշված հոդվածի համաձայն, ծառայության կարող են զորակոչվել՝
ա) միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը,
բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված կամ մահացած ծնող կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները,
գ) ամուսնացած եւ մեկ երեխա ունեցող զորակոչիկները,
դ) երկկողմ եւ միակողմ ծնողազուրկ զորակոչիկները,
ե ) ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, թե իրականում ինչ անօրինականություններ են կատարվում հայոց բանակում: Շատ են դեպքերը, երբ հաշվի չեն առնում զորակոչիկի ընտանեկան վիճակը եւ նրան ուղարկում են հեռավոր զորամասերում ծառայելու: Իսկ ՀՀ իշխանությունները բանակում տեղի ունեցող անօրինական փոխհարաբերությունների մասին չեն բարձրաձայնում` «ազգային անվտանգությունից» ելնելով: