Այսօր Երեվանում մեծ ուսումնավարժություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացնում Երևանում։
Միջոցառմանը ներգրավված են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, Շիրակի մարզպետարանի, “Հարավկովկասյան երկաթուղի” փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներ, Երևանի արտակարգ իրավիճակների մշտա֊կան գործող և տարհանման հանձնաժողովները, ինչպես նաև ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմը։
Ըստ կառավարման մակարդակի` ուսումնավարժությունը երկաստիճան է։ Այն ընդգրկում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը, որը տեղակայված է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի շենքում, իսկ Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող ու տարհանման հանձնաժողովները` Երևանի քաղաքապետարանում։
Ուսումնավարժության հիմնական նպատակներն են`
– ստուգել և կատարելագործել ՀՀ ԱԻ պետական և Երևանի ԱԻ մշտական գործող ու տարհանման հանձնաժողովների հմտությունները և ունակությունները.
– ստուգել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի և միջոցների պատրաստականությունը` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ.
– կատարելագործել կառավարման մարմինների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը.
– ստուգել ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի զարգացման միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ մշակած Երևանի աղետի կառավարման պլանը։
Մտահղացման համաձայն` նոյեմբերի 30-ին, ժամը 06.37-ին ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Գառնի համայնքից 8 կմ հյուսիս-արևելք:
Ավերվել են հազարավոր շինություններ, կան մարդկային զոհեր: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևանում՝ հատկապես Ավան, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում: Ըստ կանխատեսումների կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:
Շարքից դուրս են եկել Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել կոմունալ ցանցերում` գազամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերում և տրանսպորտային հաղորդակցության ուղիներում: Առաջացել են հրդեհների բազմաթիվ օջախներ, վնասվել են հիվանդանոցները և կենսաապահովման կազմակերպությունները: Հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Նրանք փորձում են փլատակներից դուրս բերել իրենց տուժած հարազատներին` աշխատելով ձեռքով և ձեռքի տակ եղած գործիքներով:
Երկրաշարժի հետևանքով մասնակի փլվել են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչական շենքերը: Վնասվել է ,Զվարթնոցե միջազգային օդանավակայանի վարչական շենքը և թռիչքուղին:
ՀՀ կառավարությունն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը:
Ուսումնավարժության առաջին (տեսական) փուլում իրականացվել է մասնակիցների ազդարարում և հավաք։ Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետը զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին:
Ուսումնավարժության ղեկավարը խնդիր է դնում մասնակիցների առաջ՝ երկրաշարժի գոտում իրավիճակի բացահայտման և բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը հետախուզության տվյալների հիման վրա գնահատում է ստեղծված իրավիճակը։ Գործարկվում են ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների բոլոր մակարդակի պլանները:
Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը իրականացնում է տեղեկատվության հավաք երկրաշարժի գոտուց, գնահատում իրավիճա֊կը և ամփոփում առաջարկությունները` բնակչության պաշտպանության վերաբերյալ որոշումներ ընդունելու համար:
Բնակչությանը լրատվամիջոցների օգնությամբ պարբերաբար տրվում է ստեղծված իրավիճակի և իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվություն:
Հանձնաժողովներն ամփոփում են ,աղետի գոտուցե ստացված տեղեկություններն ու առաջարկություններ ներկայացնում փրկարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։
Ուսումնավարժության երկրորդ (գործնական) փուլում իրականացվում են փրկարարական աշխատանքներ։
Ըստ սցենարի` Երևանի կայարանամերձ հրապարակում գտնվող կիսակառույց հյուրանոցային համալիրի շենքում տեղի է ունեցել փլուզում, փլատակներում են մնացել մարդիկ և անհրաժեշտ է շենքի վերին հարկերից տարհանել մարդկանց: Շենքում բռնկվել է հրդեհ: Նույն հրապարակի ոստիկանության նախկին հենակետի մոտ վթարի է ենթարկվել ամոնիակ տեղափոխող ավտոգլանատակառ, ինչի հետևանքով մթնոլորտ է արտանետվել 3 տոննա ամոնիակ:
Իրականացվում են փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ: Տուժած բնակչությունը տարհանվում է անվտանգ տարածք: Վիրավորներին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն։
Ուսումնավարժության գործնական փուլին ներկա կգտնվի ԱԻ նախարար Ա. Երիցյանը պաշտոնատար այլ անձանց հետ։




Լրահոս