Ամեն մարդ պայքարելու և գործելու իր ձևն ունի, ես իսկապես խոնարհվում եմ այդ երիտասարդների առջև, ովքեր պայքարում են մեր բոլորի իրավունքների համար: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին, նման տեսակետ հայտնեց հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը:
Հաղորդավարուհին, սակայն, այս մի քանի օրերի ընթացքում չի հասցրել լինել Բաղրամյանում, ինչպես ամեն օր անում են շոուբիզնեսի ներկայացուցիչները: «Դեռ չեմ հասցրել այնտեղ լինել, բայց կլինեմ: Ես նաև չեմ կարծում, որ պետք է գնամ այնտեղ լուսանկարվեմ ու երևա` ես այնտեղ եմ կամ ոչ: Ամեն մարդ պայքարելու իր ձևն ունի: Ես այդ մարդկանց շարքին չեմ պատկանում: Ես խոսում եմ այն երիտասարդների մասին, ովքեր գիշերներն այնտեղ են, ովքեր եղան այն ջրերի մեջ: Ես շնորհակալ եմ նրանց, որովհետև նրանք պաշտպանում են մեր յուրաքանչյուրի իրավունքը»,- ասաց Ութմազյանը:
Իսկ ոստիկանների կողմից հունիսի 23-ին խաղաղ ցույցը բռնի կերպով դադարեցնելուն Հրաչուհի Ութմազյանը ցավով է վերաբերվում: «Այստեղ շատ դժվար է հասկանալ օրինական է եղել, թե` ոչ: Ամեն մարդ իր աշխատանքն է կատարում: Ես պարզապես չեմ ընդունում դա, որովհետև երիտասարդներն այնտեղ խաղաղ ցույց էին անում: Ես տեսնում եմ, թե ինչքան սեր, համերաշխություն կա այնտեղ, նույնիsկ ծննդյան օրեր են նշում: Կարծում եմ` եթե խաղաղ է, ապա պետք է խաղաղությամբ շարունակվի, ուժ չպետք է գործադրել, որովհետև ուժ գործադրում են այն ժամանակ, երբ իրենց դեմ էլ են ուժ գործադրում»,- հավելեց Հրաչուհի Ութմազյանը: