Հուլիսի 3-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Հանդիպմանը հայկական կողմից ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից՝ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն, երկու երկրների դեսպանները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը շեշտել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նրա խոսքով` Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերը եւ Ֆրանսիայում հայկական համայնքի առկայությունը, որը մշտապես ջերմ եւ հոգատար վերաբերմունքի է արժանացել թե՛ ֆրանսիացի ժողովրդի, եւ թե՛ Ֆրանսիայի իշխանությունների կողմից: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ հաստատված միջխորհրդարանական սերտ համագործակցությունը, ինչը կարեւոր դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ այս հարցում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը: Նա կարեւոր է համարել այն փաստը, որ ֆրանսիական խորհրդարանական պատվիրակություն¬ների այցելությունները Հայաստան հաճախ զուգորդվում են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցերով: «Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարեւոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք եւ համակողմանի պատկերացում կազմելու գործում», – նշել է վարչապետը։ Նա գոհունակություն է հայտնել 2013թ. Ֆրանսիայի ԱԺ եւ Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանա¬կանների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ:
«Գտնվելով Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ չեմ կարող խորին երախտագիտություն չհայտնել 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու Ֆրանսիայի մարդասիրական բարձր առաքելության համար: Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով», – ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում:
Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը նշել է, որ մեծ պատիվ է ընդունել Հայաստանի վարչապետին այս խորհրդանշական տարում, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Ֆրանսիայի ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները, կարեւորել միջխորհրդարանական կապերի սերտացումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Կլոդ Բարտոլոնը գոհունակությամբ փաստել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կամակերպության շրջանակներում տարբեր ձեւաչափերով արդյունավետ համագործակցությունը: «Հայաստանը Ֆրանսիայի բարեկամն է: Մենք պատրաստակամ ենք խորացնել մեր բարեկամությունն ու ընդլայնել համագործակցությունը», – ընդգծել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը եւ այս համատեքստում վարչապետը արժեւորել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակ¬ցության զարգացման գործում: Նրա խոսքով՝ ՀՀ Նախագահի մակարդակով մասնակցությունն Արեւելյան գործընկե¬րության Ռիգայի գագաթնաժողովին վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` խորացնելու համագործակցությունը Եվրամիության հետ տարբեր ուղղություններով:
Կողմերը կարեւորել են նաեւ միջազգային կառույցներում սերտ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը: