Armlur.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 3-ին և 4-ին, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը, նույն ծառայության տեսուչներ` ոստիկանության կապիտան Արա Հարությունյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Հովիկ Գալոյանը, ինչպես նաև, որպես միջնորդ հանդես եկած, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Մատինյանը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ այսքանով ՃՈ-ում պաշտոնանկությունները չեն ավարտվել: Մեզ հասած հավաստի տեղեկություններով, ՃՈ ծառայության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնից զբաղեցրած պաշտոններից ազատ են արձակվել Գևորգ Մկրտումյանն ու Արտակ Ադամյանը: Մեր տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ նշված անձինք ուղարկվել են կադրերի ռեզերվ:
Նշենք, որ Գևորգ Մկրտումյանը Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս տարվա ապրիլին պաշտոնից հեռացված Ռոման Մկրտումյանի որդին է:
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե Ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արմեն Հակոբյանը կադրային ջարդ է սկսել: Առաջիկայում, ըստ նույն լուրերի, սպասվում են նոր պաշտոնանկություններ: