Ես նոր հեծանիվ չեմ հորինելու. ՃՈ նորանշանակ պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արմեն Հակոբյանը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղավ «կադրային ջարդի»: Նախօրեին էլ ծառայության հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնից զբաղեցրած պաշտոններից ազատվել են Գեւորգ Մկրտումյանն ու Արտակ Ադամյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` պաշտոնանկությունների շարքն առաջիկայում շարունակվելու է:

Նշենք, որ Գեւորգ Մկրտումյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս տարվա ապրիլին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի, պաշտոնից հեռացված Ռոման Մկրտումյանի որդին է: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ նորանշանակ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի հետ, որը նախկինում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետն էր: Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արտակ Հարությունյանը հունիսի 29-ին ազատվել էր աշխատանքից եւ գրանցվել կադրերի ռեզերվում:

-Պարո՛ն Հակոբյան, մի քանի օր է, ինչ նշանակվել եք ՃՈ պետի պաշտոնում, սակայն արդեն իսկ լայն թափով կադրային փոփոխություններ եք սկսել: Ինչո՞ւ եք որոշել «փոխել» համակարգի աշխատակիցներին, արդյո՞ք այդ պաշտոնանկությունները շարունակական բնույթ են կրելու:

-Ես չգիտեմ, թե ովքեր են այդ տեղեկությունները շահարկում, դա պլանավորված որեւէ բան չի, բոլոր կադրային հարցերը խնդրում եմ՝ ուղղեք ոստիկանության լրատվության վարչությանը: Ես որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել, ոստիկանության համակարգում բոլորին աշխատանքի ընդունում եւ ազատում է ՀՀ ոստիկանության պետը:

-Բայց կա արդյո՞ք կադրային փոփոխությունների կոնկրետ խնդիր դրված Ձեր առջեւ: Ձեր գործունեությունն ինչպիսի փոփոխություններով եք նախատեսում սկսել, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս ներկայիս ՃՈ-ում:

-Ես նոր հեծանիվ չեմ հորինելու, աշխատելու եմ այնպես, ինչպես միշտ դրված է եղել ճանապարհային ոստիկանության առջեւ. անվտանգ երթեւեկություն, օրենքով նախատեսված այն բոլոր խնդիրները, որոնք դրված են ճանապարհային ոստիկանության առջեւ: Մենք աշխատելու ենք:

-Գաղտնիք չէ, որ հասարակության շրջանում առկա են մեծաթիվ բողոքներ ճանապարհային ոստիկաններից՝ նրանց աշխատանքից եւ սահմանած անհամաչափ տուգանքներից, եւ, ընդհանրապես, ՃՈ-ն համարվում է ամենակոռումպացված կառույցը: Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել համակարգում առկա կոռուպցիայի եւ այլ բացասական երեւույթների դեմ:

-Փորձելու ենք ամեն ինչ անել, իսկ իմ նախկին գործունեությունը եւս դրան էր ուղղված, այնպես չէ, որ այդ բողոքները մշտապես հիմնավորվել են, այնպես չէ նաեւ, որ ես կարող եմ ասել, որ ճանապարհային ոստիկանությունում այդ խնդիրը չի եղել, այն էլ է եղել, այն էլ է եղել: Աշխատելու ենք այդ ամենը հասցնել նվազագույնի ու աշխատելու ենք, որ այդ ամենն ընդհանրապես վերանա: Ես զբաղվելու եմ իմ աշխատանքով ու իմ առջեւ դրված խնդիրներով:

-Իսկ ինչպիսի՞ «ժառանգություն» եք ստացել Ձեր նախորդից:

-Ես ընդունել եմ այն, ինչը որ առկա է, ու շարունակելու եմ աշխատել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս