ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԳՈՒՑԵ ՁԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանի անշարժ եւ շարժական գույքի շուկայում կատարվող հանցագործությունները լուրջ մտորելու տեղիք են տալիս. այն, ինչը միլիոնների արժեք ունի, կարող են ուղղակի տանել ձեր քթի տակից, այն էլ` ձեր իմացությամբ, եւ դուք գրեթե ոչ մի կերպ չեք կարող ձեր ունեցվածքը վերադարձնել: Դա նշանակում է, որ մեքենա եւ տուն յուրացնելու որսորդները ամեն րոպե կարող են հայտնվել ձեր կողքին, ինչպես 35-ամյա ավտո յուրացնող Արամ Միլիտոնյանը: Նրա 2 տարվա «վազքի» արդյունքը եղել է մի քանի տասնյակ միլիոնների հափշտակությունը:
«Արամ, ամեն ինչ կարամ». Երեւանի բնակիչ Արամը, երեւի լսելով այդ արտահայտությունը եւ վստահելով իր ուժերին, գործի է անցել ծանոթների ու անծանոթների շրջանում: Քրգործի նյութերից տեղեկանում ենք, որ Ա. Միլիտոնյանն իր գործարքների հաջողություններն ապահովելու համար դիմել է կեղծիքների, չարաշահել մարդկանց վստահությունը` ճիշտ ժամանակին հասկանալով նրանց ցանկությունները եւ ճիշտ ժամանակին հայտնվելով նրանց կողքին: Այդպես էլ Արամի թակարդում են հայտնվել Արմեն Հովհաննիսյանն ու Ասատուր Միկոյանը: Արմենին «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենա է պետք եղել, իսկ Ասատուրին` վարկ: Եւ քանի որ նրանց երկուսի ցանկություններն էլ միմյանցից անկախ, բայց միաժամանակ են ի հայտ եկել, Արամն առիթից օգտվել է. Արմենին ասել է` 25 000 դոլար փող տուր, գնամ արտասահմանից քեզ համար մեքենա բերեմ, Ասատուրին էլ ասել է` քո անունը արդեն ամեն ինչ ասում է` «ասա` տուր», եւ ես քո ուզած վարկը «կդասավորեմ»` կտամ: Երկուսին էլ ժամադրել է Երեւանի նոտարական գրասենյակներից մեկում. միմյանց անծանոթ տուժողները` Արամի բուն նպատակից անտեղյակ, եկել են նոտարական գրասենյակ: Քանի որ խոսքը մեծ գումարների մասին է եղել, Արամը գույքին եւ փողին տիրանալուց առաջ կողմերին ցույց է տվել, թե ամեն ինչ օրինական է, որ եթե ինչ-որ բան էլ չստացվի, իբր նոտարական փաստաթղթով այդ ամենը հետ բերելու հնարավորություն լինի: Որպեսզի Արմենը հավատա, որ 25 000 դոլարը վերադարձնելու երաշխիք կա, նրան Ասատուրի մոտ ներկայացրել է որպես բանկի աշխատող, ում միջոցով եւ անունով Ասատուրի տունը պետք է գրավ դրվեր, եւ վերջինիս համար հիփոթեքային պայմանագրով վարկ ձեւակերպվեր: Իսկ Արմենի մոտ Ասատուրին ներկայացրել է որպես իր գործընկեր եւ վստահեցրել, որ պայմանագիրը կնքելուց 10 օր հետո Արմենը կստանա անհրաժեշտ վարկը: Ապա շատ հանգիստ Արամը Ասատուրի 16 մլն արժողության տունը գրավ է դրել Արմենի անունով, նրանից ստացել 25 000 դոլարը, իսկ Ասատուրի տունը մնացել է Արմենի անունով: Մինչ տուժողները գլխի են ընկել եւ դիմել իրավապահներին, Արամը գնացել է՝ հափշտակած փողը ծախսելու:         
Հետո Արամը աչք է դրել Ներսես Պողոսյանի «Պորշ-Կայեն» ավտոմեքենայի վրա. համոզել է, որ նրա` 12 մլն դրամ արժողության մեքենան իրեն շատ է դուր գալիս, եւ այն կգնի 22 մլն-ով, փողն էլ կտա դեկտեմբերի 23-ին: Կասկածները «ցրելու» նպատակով, որպես երաշխիք, Արամը 2008-ի դեկտեմբերի 9-ին Ներսեսի մոտ 2500 դոլար կանխավճար է թողել: Եւ մինչ նա էլ կհասկանար խաբված լինելու մասին, Արամը մեքենան տարել է, դրա տվյալները անցկացրել իր նախկին տան սեփականության վկայականի մեջ եւ հատուկ սարքերով կեղծելով այն` մեքենան դարձրել է իր անունով եւ մեկ շաբաթ անց այն կեղծ վկայականով 11 մլն դրամով վաճառել Սպարտակ Կարապետյանին ու գումարը հափշտակել:
Հաջորդ «զոհը» դարձել է Արսեն Բալայանը: Նա, մինչ Արամից տուժելը, նրան ծանոթ Մամիկոն եւ Յուրիկ Մարտիրոսյաններից է տուժել. վերջիններս հափշտակություն էին արել Արսենի մոտից: Որպեսզի Արսենին պատճառված վնասը վերականգնեն, Արամն ու Յուրիկը պայմանավորվել են եւ Արսենին ասել, որ իրենք ուզում են գնել իրենց ծանոթ Վարդանի «Պորշ-Կայեն» ավտոմեքենան եւ 15 000 դոլար հավելավճարով վաճառել, որպեսզի վերադարձնեն Արսենի գումարը: Իսկ մեքենան ձեռք բերելու համար Արսենին համոզել են իրենց տալ 15 000 դոլար. 2010թ. նոյեմբերին վերցրել են այն եւ հափշտակել:
Մյուս տուժողը Անահիտ Հայրապետյանն է: Արամը նրա հետ ծանոթացել է, որովհետեւ նրա անունով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է հասած եղել Փոթիի նավահանգիստ: Արամը ցանկացել է «օգնել» Անահիտին` վաճառել ավտոմեքենան: Իսկ մինչ այդ նրանից վերցրել է 9500 դոլար գումար, «դասավորել» փաստաթղթերը, որոնցով մեքենան պետք է ՀՀ տարածք տեղափոխեր, վաճառեր եւ գումարը վերադարձներ Անահիտին: Վերջինս համաձայնել է, եւ որպես երաշխիք` Արամը սկզբում նրա մոտ է թողել կեղծված եւ իր անունով ձեւակերպված «Մերսեդես»-ը, ինչպես նաեւ անհայտ անձի «Դոյչ» մակնիշի ավտոմեքենաները: Սակայն ամիսներ անց Անահիտը հասկացել է, որ խաբված է…
Այժմ Արամի մեղավորությունը կամ անմեղությունը որոշելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Իսկ թե 5 տուժողներից քանիսին կհաջողվի վերականգնել կրած վնասը կամ ընդհանրապես կհաջողվի, դժվար է ասել, քանի որ նման դեպքերում հանցագործները սովորաբար իրենց անունով գույք չեն ունենում, որ գոնե դատավճռից հետո տուժողները կարողանան հետ ստանալ: Այնպես որ, զգո՛ւյշ եղեք ավտոմեքենա եւ տուն յուրացնողներից, որոնք ձեր գույքը խլելու համար շատ գրավիչ պայմաններ կարող են առաջարկել: Զգուշացե՛ք, երբ գործարքները կնքելիս փորձում են ձեզ որպես այլ անձ կամ պաշտոնյա ներկայացնել, եւ պարզապես շփվե՛ք մյուս կողմի հետ` հասկանալու միջնորդի իրական նպատակը:      

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս