ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ
ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը «Ա1+»-ին ասել է, թե Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարում ունեցած ելույթն ընդհանուր առմամբ դրական է գնահատում. «Բայց կարծում եմ, որ պետք է հստակ պատասխան տրվեր, ասվեր այն, ինչ ՀՀԿ-ն ասել էր, որ Եվրասիական ուղղությունը Հայաստանի պետական շահերի հետ որեւէ ընդհանուր բան չունի, ցավում եմ, որ այդ բանը պարզ չասվեց»:
ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Պատվիրակությունը մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների խորհրդի ղեկավարների 33-րդ նիստին: Այնտեղ քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության ժամանակակից հեռանկարների, ահաբեկչության եւ այլ ծայրահեղական բռնի արտահայտումների, միջուկային-էներգետիկ համալիրների անվտանգության ապահովման, թմրանյութերի եւ հոգեմետ միջոցների ապօրինի շրջանառության, տեղեկատվական ոլորտին վտանգի դիմակայման հարցերը:
ՕՊԵՐՆԵՐԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Դեկտեմբերի 18-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուժեղացված ծառայություն է տեղի ունեցել: Գլխավոր դատախազության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության օպերլիազորներ Արտակ Բարսեղյանի եւ Խաչիկ Բարխուդարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը: Դատավոր Մխիթար Պապոյանը 4 ժամից ավելի դռնփակ դատական նիստ անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը, որից հետո ոստիկանության օպերլիազորները տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ: Հիշեցնենք, որ օպերլիազորները կասկածվում են ոստիկանության կենտրոնական բաժնում բերման ենթարկված մի քաղաքացու ծեծի ենթարկելու մեջ: Նաեւ նշենք, որ Կենտրոնի բաժնի օպերները բունտ էին արել` ի նշան իրենց գործընկերների հետ համերաշխության:
ՀՅՈՒՐԱՍԵՐ ԵՆՔ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներով դիմել էր նախագահի աշխատակազմին, Ազգային Ժողովին եւ բոլոր նախարարություններին՝ փորձելով պարզել, թե պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա որքան գումար է ծախսվում: Արդյունքում պարզվել է, որ մեր երկիրը դրանց վրա նախորդ տարի բյուջեից ծախսել է 232 մլն դրամից ավելի գումար: Օրինակ՝ նախագահի աշխատակազմում մոտ 33.5 միլիոն են ծախսել, իսկ պետբյուջեով հատկացված է եղել մոտ 226 մլն դրամ: Արդարադատության նախարարությունը նախարարի պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա ծախսել է 1 050 000 դրամ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ 231 000 դրամ, կրթության եւ գիտության նախարարությունը՝ 925 000, սփյուռքի նախարարությունը՝ 315 700 դրամ:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԿԱ՞Ր
Սեպտեմբերից մինչ այսօր «Օգնի՛ր եղբորդ» ծրագրի շրջանակներում Սիրիայում ծավալված պատերազմի գործողությունների արդյունքում տարբեր տեղերում ապաստան գտած հայերին տրամադրվել է 41 312 660 ՀՀ դրամի, 750 000 ռուսական ռուբլու ֆինանսական եւ 31 033 210 ՀՀ դրամի սննդամթերքի եւ դեղորայքի օգնություն: Երեկ ամփոփելով ծրագրի աշխատանքները` տեղեկացրել է ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նա հատուկ ընդգծել է Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Սարգսյանի, գործարար Խաչիկ Մանուկյանի անունները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել ինքնաթիռների թռիչքները, «Ալեքս գրիգ» ընկերության (որի սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է) եւ ԼՂՀ գյուղաջակցության հիմնադրամի ցուցաբերած օգնությունները: 5 միլիոն դրամ էլ տրամադրվել է մի բարերարի կողմից, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: