«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներն անհանգստացած են. նոր հրամանը սխա՞լ է ընկալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալների հարազատներն անհանգստացած են: Armlur.am-ի խմբագրություն ահազանգածները հայտնեցին, որ արդեն տևական ժամանակ է` սննդի հետ կապված նոր օրենք է գործում ՔԿՀ-ում: Այսպես, նրանց խոսքով` եթե նախկինում դատապարտյալները հրաժարվում էին ՔԿ հիմնարկում տրվող սննդից ինչ-ինչ պատճառներով, սակայն այդուհանդերձ հացից նրանք կարողանում էին օգտվել, ապա այժմ իրավիճակը միանգամայն այլ է. սննդից հրաժարված դատապարտյալը զրկվում է նաև հացից:

Ստեղծված իրավիճակի շուրջ Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ «Արթիկ» ՔԿՀ նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանից: Վերջինս կարճ պատասխանելով մեր հարցին` նշեց, որ առկա է նախարարի հրաման, որի հիման վրա էլ փոփոխություններ են տեղի ունեցել: Սակայն, մեր զրուցակցի փոխանցմամբ, փոփոխություններն այնքան էլ այնպիսին չեն, ինչպես ներկայացնում են ազատազրկվածների հարազատները: Արդարադատության նախարարի հրամանի բովանդակությունը Արտյոմ Մխոյանը չմանրամասնեց` հորդորելով դիմել ՔԿՎ լրատվական ծառայությանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Armlur.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ՀՀ արդարադատության նախարարի այս տարվա հունիսի 11-ի հրամանով կանոնակարգվել են սննդի ճաշացուցակի, սննդի պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի և սննդի քանակի և որակի հսկողության կարգի ու ձևերի հետ կապված հարաբերությունները: Հրամանով նախատեսվել են հստակ մեխանիզմներ, որոնք ուղղված են քրեակատարողական հիմնարկներում սահմանված ժամկետներում ճաշացուցակը կազմելուն, ճաշատեսակների բազմազանությունը ապահովելուն, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց դրա մասին տեղեկացնելուն, նախատեսվել են դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի որակի և մատակարարման գործընթացի հսկողության համար մեխանիզմներ:

Մասնավորապես, հրամանով ամրագրվել է «Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյանի» վարման պահանջ, նախատեսվել է պատասխանատու հերթապահի ու բժիշկի կողմից ճաշերի պատրաստման քանակի և որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, որի շրջանակներում վերջիններս, ստուգելով ճաշի քանակը և որակը, այսուհետ պարտավոր կլինեն համապատասխան եզրակացություն ներկայացնել:

Բացի այդ, դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվելու է միան անձանց այն թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով, սննդամթերքի անվանումը, չափաբաժինները և գումարը: Նախքան այդ ցանկ կազմելը, քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը պետք է պարզի կալանավորված անձանց և դատապարտյալների այն թվաքանակը, ովքեր տվյալ օրը չեն օգտվելու (չեն ցանկացել օգտվել, գրավոր հրաժարվել են) քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից:

Այսպիսով` կարող ենք եզրակացնել, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդի մատակարարման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը լավ չեն ընկալվել դատապարտյալների կողմից: Իսկ թե ինչու նրանց չի պարզաբանվել նախարարի վերոնշյալ հրամանը, դժվար է ասել: Փաստն այն է, որ անազատության մեջ հայտնված մարդիկ և նրանց հարազատները պարբերաբար ահազանգում են և իրավիճակը, փաստորեն, այլ կերպ ներկայացնում:




Լրահոս