«Նախագահի նորանշանակ մամուլի խոսնակը լրագրողին «վերբովկա» անել փորձողն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Նա 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, որպես գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր:

Այս առնչությամբ տնտեսական մեկնաբան Հրայր Մանուկյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանի նշանակած նոր մամուլի քարտուղարը հենց այն մարդն է, որ փորձում էր ինձ «վերբովկա» անել։ Երբ ընկերներս սկզբում ինձ տեղեկացրեցին, չհավատացի, որ անգամ մեր նման երկրում նախագահ աշխատող մարդը կարող է այդ տղային նշանակել իր մամլո խոսնակ, մինչև որ չտեսա պաշտոնական հաղորդագրությունը (նկարով)։

Մեկ տարի առաջ ես դիմել էի դատախազություն, որ քրեական գործ հարուցվի ինձ «վերբովկա» անելու այդ փորձի հետ կապված, սակայն դատախազությունը մերժել էր։ Հայցով դիմել էի առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի դատախազությանը հարուցել քրեական գործ։ Ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերաքննիչ դատարանը մերժել էր հայցս, այժմ բողոքս քննելու է վճռաբեկ դատարանը։ Այս նշանակումից հետո ինձ համար վերջնականապես պարզ դարձավ, որ վճռաբեկ դատարանը նույնպես հայցս կմերժի։ Պատրաստվում եմ դիմել ՄԻԵԴ։

Ամեն դեպքում շատ ցավալի է, որ այս ամենից հետո այդ մարդուն նշանակել են նման պաշտոնի, բառեր չեմ գտնում նման երևույթը մեկնաբանելու համար»։




Լրահոս