Armlur.am-ի տեղեկություններով, հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները «Արթիկ» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ են տեղափոխել դատապարտյալ Նվեր Կիրակոսյանին: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Նորագյուղցի Նվերիկ մականվամբ:
Նշենք, որ Նորագյուղցի Նվերիկը համարվում է «Արթիկ» ՔԿՀ «զոն նայողը»: Իսկ այս տեղափոխությունը, ըստ երևույթին, թույլ է տալիս կարծել, որ նա այլևս ՔԿ հիմնարկի «զոն նայողը» չէ:
Դեռևս չհաստատված լուրեր կան այն մասին, թե այս տեղափոխությունը կապված է Նորագյուղցի Նվերիկի` քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկի) մահվան հանգամանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հետ:
Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, թե անազատության մեջ գտնվող մի քանի անձինք «նշել են» մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում հայտնի քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի (Լևոն Ղազարյան) և նրա ընկերների` Մոսոյի (Մեսրոպ Նազարյանց) և Դերոյի (Դրաստամատ Թադևոսյան) սպանությունը:
Նորագյուղցի Նվերիկը, ըստ նույն լուրերի, պատիժ կրող դատապարտյալներին, այսպես ասած, «աչքալուսանք» էր տվել այն առիթով, որ իրեն նման բարձր «պաշտոն շռայլած» Օշականցի Գևորիկին (Գևորգ Մելիքյան) ապտակողն արժանի պատասխան է ստացել: Այս հանգամանքը զայրացրել և վրդովեցրել էր քրեական աշխարհի մի շարք ներկայացուցիչների:
Նշենք, որ Լևոն Ղազարյանի մտերիմներն ու հարազատները կտրականապես հերքում են, որ ՔԿՀ-ի ներսում կարող էր նման բան լինել: Նրանք վստահ են, որ որևէ մեկը, այդ թվում` Նորագյուղցի Նվերիկը, չէր կարող նման արտոնություններ ունենալ, առավել ևս` իրեն չէր կարող թույլ տալ չհարգել Երրորդմասցի Լյովիկի հիշատակը:
Ի դեպ, այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է գտնվում նաև քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանը` Քանաքեռցի Տույը, ով կալանավորվել է ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Տույը դեռևս «կարանտինում է» գտնվում, քանի որ օրենքով սահմանված 7-օրյա ժամկետը դեռևս չի լրացել, և ժամկետը լրանալուն պես, նրան կտեղափոխեն հիմնական խուց:
Ավելորդ չենք համարում նշել, որ Քանաքեռցի Տույը համարվում է սպանված Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից: Իսկ թե ինչ ավարտ կարող է ունենալ նրա և Նորագյուղցի Նվերիկի հավանական «հանդիպումը», դժվար չէ կռահել: