Հունիսի 13-ին Սյունիքի մարզի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետևանքով անօթևան մնացած բնակիչներն այս պահի դրությամբ ապրում են շենքի հարևանությամբ գտնվող հյուրանոցում: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:
«Այդ ընտանիքները հրդեհի պահից սկսած բնակվում են շենքի հարևանությամբ գտնվող հյուրանոցում: Նորմալ պայմաններ ապահովել ենք: Քաջարանի կոմբինատի կողմից ևս բնակիչներին օգնություն է տրամադրվել 150 հազար դրամից սկսած` նայած թե որ բնակիչն ինչքան է տուժվել, ինչքան գույք է հնարավոր եղել փրկել և այլն: Դա ընդամենը սոցիալական օգնություն է եղել, որպեսզի բնակիչները իրենց առաջին անհրաժեշտության իրերը կարողանան ունենալ»,- ասաց քաղաքապետը:
Իսկ շենքի վերականգնման աշխատանքների հետ կապված, քաղաքապետը նշեց, որ դեռ նոր են ստացել տեխնիկական եզրակացությունը. «Եթե շինարարը տալիս է տեխնիկական եզրակացություն, որ շենքը կարելի է վերականգնել, արդեն ես ասելու բան չունեմ: Բայց այսքան շուտ հնարավոր չէ սկսել վերականգնման աշխատանքները, քանի որ տեխնիկական եզրակացությունը նոր ենք ստացել: Դեռ մի քանի տեղից ևս համապատասխան եզրակացություններ են հարկավոր: Այս գործընթացը գրեթե ավարտին ենք հասցնում: Դրանից հետո արդեն կսկսենք շինարարությունը, մենք կհետևենք, որ ամեն ինչ շատ արագ արվի, որակով և բնակիչներին գոհացնի»:
Հարցին` շենքի վերականգնման աշխատանքները լինելու են կառավարությա՞ն ֆինանասավորմամբ, թե անձնական օժանդակությամբ, Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել. «Եթե անկեղծ ասեմ` ինձ համար միևնույն է, թե ում միջոցներով կկառուցվի: Ինձ համար կարևոր է, որ իմ բնակիչները չտուժեն»:
Քաղաքապետը նշեց` մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրենց փոխանցել է, որ Կառավարության կողմից որոշակի հատկացումներ կլինեն. «Բայց քանի դեռ այդ հատկացումները չենք ստացել, չեմ ուզում խոսել այդ մասին: Մարզպետը այս առումով շատ հետևողական է և կարծում եմ` դրական արդյունքի կհասնենք: Իսկ ինձ համար դրական արդյունքը կլինի այն, որ շենքը կառուցվի և բնակիչները որևէ խնդիր չունենան»: