«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեն դեռեւս հունիսի 15-ին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում սպանված ռուս զինծառայող Իվան Նովիկովի հարցով նամակ է ուղարկել ՌԴ իրավապահներին: Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը՝ 21-ամյա Իվան Բոսխոմջիեւը, որն ընդունել է մեղքը: Դեպքից երկու օր անց ռուս իրավապահները գրությամբ խնդրել են իրենց հանձնել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության վարույթում քննվող քրեական գործը:
Սակայն անցել է մեկ ամիս, բայց ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ գլխավոր դատախազությունն այդպես էլ չեն կարողանում այս խնդրի շուրջ համաձայնության գալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն գրություն է ուղարկել ՌԴ իրավապահներին՝ առաջարկելով իրենց ներկայացնել այն նյութերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ ոչ մի քաղաքացի առնչություն չունի այս գործին, եւ ինչպես է ձերբակալված անձը խոստովանել իր արարքը: Ենթադրվում է, որ այդ գրության պատասխանը ստանալուց հետո Իվան Նովիկովի գործը կփոխանցվի ՌԴ իրավապահներին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: