«Եթե Գագիկ Ծառուկյանի մտքի ծայրով էլ անցնում էր կարիքավորներին օգնել, հիմա հաստատ չի անցնի». Նոր Հաճնում դեմ են նոր եկեղեցու կառուցմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում այսօր տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկայնի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը: Armlur.am-ի տեղեկություններով, իշխանական ողջ վերնախավը մասնակցելու է բացման արարողությանը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Սակայն ինչպես պարզ դարձավ Armlur.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացու խոսքից, Նոր Հաճնում այնքան էլ չեն ողջունում նոր եկեղեցու կառուցման հանգամանքը: Մեզ հետ զրույցում քաղաքի հնաբնակ Գեղեցիկ Երեմյանը վստահեցրեց, որ եկեղեցու օծման արարողությանն այսօր Նոր Հաճնից ներկա են լինելու միայն «բրդուճի համար գնացողները». «Երկու հզոր գործարաններ ունենք, որոնք չեն աշխատում: Ադամանդագործական գերհզոր մի գործարան, որն ամբողջ հանրապետությունը կպահի և բյուջեն կլցնի: Քաղաքում ունենք հարյուրավոր նպաստառուներ, բարեգործական ճաշարան, որից օգտվում են թոշակառուներն ու ապրելու հնարավորություն չունեցողները: Ի՞նչ է տալու մեզ եկեղեցին: Բոլորն էլ տեսնում են, որ Շողակն գործարանը չի աշխատում: Հաստատ կարող են ինչ-որ բան անել, որպեսզի մարդիկ եկեղեցի խանդավառությամբ մտնեն»:

Նոր Հաճնի բնակչի  խոսքով, թեև այսօր օծվելիք եկեղեցին քաղաքում այս պահի դրությամբ միակն է, այդուհանդերձ եթե տարիներ անց մարդիկ արտագաղթեն և լքեն քաղաքն, այն «անմարմին կդառնա». «Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում` ինչպես տնօրինել իր գումարները, և որևէ մեկն իրավունք չունի նրան ասելու` ինչ անի, ինչպես ծախսի: Բայց ախր բազմիցս դիմել ենք, համացանցով ևս բարձրաձայնում ենք, որ գործարանները պետք է շահագործվեն, մարդիկ ապրելու միջոց չունեն. որևէ արձագանք մինչ այս պահը չենք ստացել: Ես չեմ ասում` եկեղեցի չկառուցեն, ուղղակի դրան զուգահեռ կարող էին գործարանը բացել: Իսկ եթե մինչև հիմա չեն արել, հնարավոր չէ դա հետագայում անեն: Եթե Գագիկ Ծառուկյանի մտքի ծայրով էլ անցնում էր, հիմա հաստատ չի անցնի»:

Նոր Հաճնից մեր զրուցակիցը նշեց նաև, որ սակավաթիվ մարդկանցով այս քաղաքում գրեթե բոլորը դեմ են եկեղեցու կառուցմանը, սակայն շատերը վախենում են բարձրաձայնել խնդիրներից խուսափելու համար: Ինչ վերաբերում է քաղաքապետ Գագիկ Մաթոսյանի տեսակետին, ապա Գեղեցիկ Երեմյանը նշեց, որ նրան անգամ անդրադառնալ չարժե. «Քաղաքապետը նախկինում ԲՀԿ-ական է եղել, մարզպետի մտերիմն է, բարեկամներն աշխատում են, ինքն աշխատում է: Նա մտածելու բան չունի»:

«Նոր Հաճնում լոյալ վիճակ է, մարդիկ վախենում են խոսել: Մադկանց ստրկության են հասցրել, փոքր քաղաք է, մինչև Երևան 30 կմ է, այնտեղ ինչպե՞ս աշխատանք գտնեն, որպեսզի ապրեն: Աշխատանք, որևէ բան այստեղ չկա: Եկեղեցին մեզ չէր խանգարի, եթե գոնե մեկ գործարան կառուցվեր դրան զուգահեռ: Եթե մարդիկ խանդավառության պատճառ չունեն, եկեղեցին անմարմին է մնում»- հավելեց նա:




Լրահոս