Երևանում գողանում են մարդկանց անձնագրերն ու դրանցով վարկեր ձևակերպում. Hetq.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Hetq.am-ը գրում է. Երևանում գործում է խարդախների ցանց: Մտնում են մարդկանց տները, գողանում անձնագրերը և դրանցով ձևակերպում վարկեր անձնագրերի տիրոջ անունով: Անձնագրերը գողացողները, ինչպես ցույց են տալիս մեզ ծանոթ դեպքերը, կարողացել են հեշտությամբ ապառիկ տեխնիկա գնել, սակայն քննչական մարմինները քրեական գործ են հարուցել միայն անձնագրերը գողացողների դեմ: Համակարգչային տեխնիկա վաճառող խանութների աշխատակիցները և տնօրինությունը պատասխանատվության չեն ենթարկվել ուրիշի անձնագրով վարկեր ձևակերպելու և տեխնիկա վաճառելու համար:

Օրեր առաջ «Հետքի» խմբագրություն էր զանգահարել Նարա Անտոնյանը եւ ներկայացրել թե ինչպես է հայտնվել այդ ցանցում:

Դեպքը կատարվել է անցած տարի` 2014թ. մայիսի 11-ին գիշերը: Ժամը 03:20 մինչև 7:30-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես պարզել է նախաքննական մարմինը, անհայտ անձինք մուտք են գործել Ն. Անտոնյանի կողմից Երևանում վարձակալած բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել Նարա Անտոնյանին պատկանող դրամապանակը, գումար, այլ իրեր, ինչպես նաև Նարա Անտոնյանի և նրա ամուսնու և դստեր անձնագրերն ու սոցիալական քարտերը:

Նույն օրը առավոտյան  Երևանի բնակիչ, «Էլեն-Նարե» ծննդօգնության կենտրոնի բուժքույր Ալմաստ Սեդրակյանը գնացել է «Այ էլեկտրոնիքս» խանութ սրահ, որտեղ առանց արգելքների Նարա Անտոնյանի անձնագրով խանութի աշխատողի միջնորդությամբ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ ձեռք է բերել վարկային պայմանագիր` տարաժամկետ վճարման կարգով(ապառիկ) գնելով 194 հազար դրամ արժողությամբ համակարգիչ:

Նարա Անտոնյանը վարկային պարտավորությունների տակ է հայտնվել: Նարա Անտոնյանի դիմումով` ոստիկանության քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննության փուլում մեղադրանք է առաջադրել գողություն կատարածների նկատմամբ: Գործը մտել է դատարան. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ցանցի անդամներից Անդրանիկ Հակոբյանը, Վանիկ Կիրակոսյանը, Արման Աղջոյանը դատապարտվել են ազատազրկման: Խանութների աշխատակիցները, ովքեր ձևակերպել են վարկերը, պատասխանատվության չեն ենթարկվել:

Ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանը գործում որպես մեղադրյալ չեն ներգրավվել խանութների աշխատակիցներին կամ տերերին, որոնց անուշադրության կամ հնարավոր մեղսակցության պատճառով ձևակերպվել են վարկերը: Գործով անցնում են չորս խանութներ «Այ Էլեկտրոնիկս», «Օնլայն», «Ռիչ կոմպյուտերս», «Code computers store»:

Նարա Անտոնյանի անձնագրով կեղծ վարկ ձևակերպած խանութը` «Այ էլեկտրոնիքս»-ը, պատկանում է «Էլմարկետ» ՍՊԸ-ին:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարում «Այ Էլեկտրոնիքսի» վերջերս կազմակերպած խոշոր զեղչերի ակցիան է (armtimes.com):




Լրահոս