«Երիտասարդների դերը մեր երկրում շատ մեծ է։ Մենք ունենք ակտիվ, գործունյա երիտասարդություն, որը մեծ ցանկություն ունի բարելավելու կյանքը»,- օգոստոսի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում Երիտասարդության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։
Պարոն Տեր-Հովակիմյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ստեղծվել է ՀՀ նախագահի աջակցությամբ՝ ՀՀ երիտասարդական դաշտն ակտիվացնելու համար։
«Մեր աշխատանքներն իրականացնում ենք մի քանի ուղղությամբ՝ աջակցություն անհատներին և այն կազմակերպություններին, որոնք աշխատում են երիտասարդների համար, համալրված են երիտասարդներով և փորձում են որոշակի խնդիրներ լուծել։ Այսօր մեր երիտասարդին առաջին հերթին պետք է հնարավորություն ընձեռվի՝ մրցունակ և ակտուալ կրթություն ստանալու համար։ Քաղաքացին կարող է լինել մրցունակ, եթե ունի համապատասխան կրթական ցենզ, շուկայի կողմից պահանջված մասնագիտություն, որի միջոցով կկարողանա ակտիվ աշխատանք իրականացնել ու հասնել հաջողությունների»,- ասաց ՀԵՀ գործադիր տնօրենը։
Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը շեշտեց, որ հիմնադրամի առանձնակի ուշադրության կենտրոնում են նաև մարզաբնակ երիտասարդները։ ՀԵՀ-ը բոլոր 10 մարզերում ունի երիտասարդական կենտրոններ, որոնք տեղերում իրականացնում են կրթական, սոցիալական, մասնագիտական կողմնորոշման, մշակութային և այլ բնույթի ծրագրեր։
Խոսելով երիտասարդական հիմնախնդիրների մասին՝ Ա. Տեր-Հովակիմյանը նշեց, որ դրանք հիմնականում առնչվում են սոցիալական հարցերին՝ կրթության մատչելիություն, հասանելիություն և այլն։ Այս ոլորտում ՀԵՀ-ն իրականացնում է ուսանողներին աջակցման բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, ուսման վարձի փոխհատուցում։ Արդեն 5 տարի է՝ ՀՀ կառավարության աջակցությամբ ՀԵՀ-ը փոխհատուցում է բուհերի առաջին կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալական տարբեր խոցելի խմբերի, սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձը։ Ուսումնառության ընթացքում ամբողջությամբ փոխհատուցվում է նաև երկու և ավելի երեխա ունեցող այն ուսանողների ուսման վարձը, որոնք սովորում են բակալավրիատում։
Անդրադառնալով երիտասարդների զբաղվածության խնդրին՝ ՀԵՀ գործադիր տնօրենը շեշտեց, որ այս հարցում փորձում են անհրաժեշտ գործիքներ տրամադրել երիտասարդությանը, իսկ դրանք գիտելիքն ու հմտություններն են։ Եվ որպես նման ծրագրերի օրինակներ պարոն Տեր-Հովակիմյանը նշեց մարզերում երիտասարդների շրջանում բատիկայի, վիտրաժի, պլաստիկ կավի, վարսահարդարման անվճար դասընթացների կազմակերպումը։ Ընդ որում, կան բազմաթիվ օրինակներ, երբ այդ դասընթացներն ավարտած երիտասարդներն այսօր պատվերներ են ստանում, այդ թվում նաև՝ արտասահմանից՝ լուծելով իրենց զբաղվածության հարցը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն