Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ օգոստոսի 5-ին դաժանորեն սպանված էքստրասենս, նարեկաբույժ Անի Մաջնունյանի նախկին կողակից, գործընկեր Գաբրիել Փանյանը մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին: Մեր զրուցակիցը կանխազգացել է նաև, որ ըստ ամենայնի, առաջիկայում նմանատիպ մի դեպք ևս տեղի կունենա: Եվ եթե սպանվի հերթական գուշակը, ապա Անի Մաջնունյանի սպանության համար կալանավորված անձն այն մարդը չէ, ով պետք է ազատազրկվի:
Եվ այսպես, ներկայացնում ենք մոգ Գաբրիել Փանյանի հետ մեր հարցազրույցի շարունակությունը, որում մասնավորապես խոսվում է նրա և Անի Մաջնունյանի հարաբերությունների, դաժան սպանության հնարավոր դրդապատճառների և մի քանի այլ հարցերի մասին:
-Պարոն Փանյա՛ն, Ձեր կարծիքով ի՞նչը կարող էր հանցագործին դրդել այդ աստիճան սառնասրտորեն՝ դանակի 58 հարվածով սպանել Անիին:
-Աֆեկտի վիճակը մի րոպեից երկար չի տևում: Իսկ մի րոպեում մարդը դանակով 58 անգամ չի հարվածում: Կարի մեքենան, անգամ, դանդաղ է աշխատում: Իսկ այս դեպքում մարդկային մարմնի հետ գործ ունենք: Անին չէր կարող մարդուն այդ աստիճան զայրացնել: Շատ-շատ կարող է կռվեին, լավ, մի-երկու հատ էլ թող հարվածեր: Բայց դրանից ոչ ավել: Մի բան է պետք հասկանալ՝ որքան էլ մարդն ուզենա վրեժ լուծել… արյունը կարևոր հատկություն ունի՝ այն արագ սթափեցնում է: Ով դա արել է, շատ լավ գիտակցել է՝ ինչ է անում:
–Այսինքն՝ սպանությունը կանխամտածվա՞ծ է եղել:
-Այո՛: Իսկ թե հետո ինչ է եղել, արդեն անհասկանալի է: Միգուցե նա շատ խիստ վրդովվել է, որ ամեն ինչ այդքան արագ է ավարտվել: Կամ էլ որոշել է մոլագարի անուն հանել: Բայց այդ դեպքում էլ նա պիտի էդ սառնասրտությունն ունենա իր մեջ: Այսինքն՝ մենք կարող ենք մոտավորապես նման մի բան ասել՝ կա՛մ մարդասպանը շատ լավ ռազմական դպրոց է անցել ու մարդ սպանելն իր համար միևնույնն է, որովհետև Անիի երեսն այն աստիճան էր վնասվել, որ անճանաչելի էր դարձել: Բայց եթե կանխամտածված է եղել, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իր հետ մեկ այլ մարդու ևս տարել, չէ՞ որ դա ավելորդ «բեռ» է: Հետո էլ ինչո՞ւ է երեսին խփել: Վրիպե՞լ է, հա՞. մարմնին չի կպել, երեսի՞ն է հարվածել. և այդպես մի քանի անգա՞մ: Լավ, ենթադրենք նա հոգեպես անառողջ վիճակում է եղել, գիժ է, թեպետ պաշտոնական վարկածով՝ նա լավ էլ գիտակցաբար է սպանել:
Սկզբում ասում էր ես եմ, հետո ասեց՝ ես չեմ… ես սպանության դրդապատճառ չեմ տեսնում: Գումա՞րն էր ուզում ստանալ, թող մի հատ խփեր, խեղդեր, վերցներ գնար: Եթե ինձ սպանեն, կհասկանանք՝ ինչու սպանեցին (ծիծաղում է): Ինձ համար կասկածի տեղիք են տալիս դանակի առաջին երկու մահացու հարվածները, ապա մնացածները. դրանք տարբերվում են իրարից: Կարծես, տարբեր մարդկանց արած լինեն: Ես գիտեմ Անիին: Նրա կազմվածքը, կառուցվածքն այնպես էր, մանավանդ վթարից հետո, որ եթե ճակատին պարզապես մի թեթև խփեին, նա արդեն ցնցումի մեջ կընկներ: Ես հիմա մի բան կասեմ՝ թող կանչեն լավ գիպնոզացնողի, նա մի լավ «կտնտղի դրան», և բոլոր հարցերը պատասխան կունենան:
–Դուք այդ տարբերակը նպատակահարմա՞ր եք գտնում:
-Իհարկե, իսկ ինչո՞ւ ոչ:
–Պարոն Փանյա՛ն, Անիի հարազատները, մտերիմները վստահեցնում են, որ նա չուներ գողանալու ինչ–որ բան: Բայց ըստ նախնական վարկածի՝ նրա տուն ներխուժելու նպատակը գողություն անելն է եղել:
-Ամենաթանկարժեքը մնացել է իր տեղում. եկեղեցական սպասքը, «Նարեկը»: Հիմարություն կլինի ասել, թե նա ընկել էր էդ 200 հազար դրամի հետևից:
-Եթե պարզվի՝ սպանության դրդապատճառը եղել է Անիի գործունեությունը, հնարավո՞ր է Ձեզ ևս վտանգ սպառնա:
-Դե, եթե ինչ-որ տխմարներ չորոշեն Անիի պաշտոնական եկեղեցական արարողակարգից հետո ինձ հետ հարցեր պարզաբանել, ապա՝ ոչ: Նրա գործունեությունը ընդհամենը 5-6 տարի էր, իմը՝ 25. տարբեր միջավայրերում, տարբեր քաղաքներում: Պարզապես, ես գիտեմ՝ ում ինչ ասեմ, որտեղ ասեմ, երբ բերանս փակեմ:
–Անին չգիտե՞ր:
-Չէ՛: Նա ամեն արդյունիքի վրա ուրախանում էր: Մի փոքր դրական արդյունք էր լինում, ուրախությանը չափ չէր լինում: Շատ կենսուրախ, բարի մարդ էր: Հիմա տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, բայց ամեն ինչ սուտ է: Ասում էին՝ Անին քանդել է այդ ոչնչության ընտանիքը, դրա համար էր նա եկել հարցեր պարզաբանելու: Նախևառաջ Անին ոչ մեկի ընտանիքը երբեք չէր քանդի, և երկրորդ՝ նա երբեք ամուսնացած տղամարդու հետ չէր կապվի, մանավանդ եթե մեջտեղում երեխա լիներ: Ի դեպ, դեպքից հետո բնակարանում առարկաներ են հայտնաբերվել, որոնք ընդհանրապես նրան չեն պատկանում: Ես անգամ գիտեմ՝ ում են պատկանում այդ իրերը:
–Ի՞նչ իրերի մասին է խոսքը, ո՞ւմ են դրանք պատկանում:
–Չեմ ասի՝ ինչ իրերի մասին է խոսքը: Դրանք նրա, այսպես կոչված, ընկերուհիներից մեկինն են, ով ոնց որ ասած լիներ՝ վաճառի դրանք մեկին, թող գնան-կորեն:
–Պարո՛ն Փանյան, ո՞վ էր Ձեզ համար Անին:
-Ե՞րբ:
–Տարբերվո՞ւմ են նախկին և մինչև վերջերս եղած կարգավիճակները:
-Այո՛: Այն շրջանում, երբ մենք միասին ենք եղել, մեր մեջ ուղղակի բարի, լավ ընկերություն է եղել: Հետո մի օր նստեցինք, նայեցինք իրար վրա և ասացինք՝ լսի՛ր, բայց մեզնից ի՞նչ ամուսիններ, մենք լավ ընկերներ ենք: Արդյունքում՝ ամեն մեկն իր կյանքով էր ապրում՝ առանց սիրեկանների: Մայրս ասել էր՝ բնակարան չուներ, որոշեց գնալ Անիի մոտ…. եթե ես տուն չունենամ, 5 րոպե անց 10 հոգի ինձ մնալու տեղ կտա: Բնակարան ունենալու համար պարտադիր չէ անբարոյական լինել: Մորս հասկանալ չեմ կարողանում: Դե, մայրն իր թուլություններն ունի: Իսկ հիմա… վերջին 7 տարիներին ես և Անին պարզապես ընկերներ ենք եղել:
-Իսկ «6-րդ զգայարան» հաղորդաշարը շարունակվելո՞ւ է եթեր հեռարձակվել:
-Այո՛, սեպտեմբերի 18-ին նոր եթերաշրջանը կմեկնարկի:
-Իսկ տեղյա՞կ եք՝ Անի Մաջնունյանին ով պետք է փոխարինի:
-Իմ աշակերտը:
-Դուք կանխագուշակե՞լ էիք Անիի մահը: Ձեր գործընկեր Կարեն Ափոյանը հայտարարել է, որ ինքը գիտեր, որ Անիի կյանքի թելը կարճ է լինելու, անգամ զգուշացրել է նրան, որ զգույշ լինի:
-Ես շատ բացասական են վերաբերվում այն երևույթին, որ նման իրավիճակներն օգտագործելով՝ մարդիկ փորձում են իրենց PR-ն անել: Կարենն արդեն երկրորդ անգամ է նման կերպ իրեն պահում՝ առաջին անգամ էլ Գյումրիի դեպքի ժամանակ եղավ: Ես նրան ասում էի՝ եղբայր, մի՛ արա այդպես: Սիրուն չի:
–PR-ը մի կողմ դնենք: Դուք որևէ կանխազգացում ունեցե՞լ եք Անիի մահվան հետ կապված:
-Ես զգում էի, որ Անիի կյանքի թելը կարճ է լինելու: Բայց որ նրա վախճանը հենց ա՛յս կերպ տեղի կունենար… իմ մտքով անցել է՝ ինչ հնարավոր է, սակայն ոչ այսպիսին:
-Նրան երբևէ ասե՞լ եք՝ Ձեր կանխազգացումների մասին:
-Չէ՛:
-Ի՞նչ կասեք Ձեր մոր այն հայտարարության մասին, թե Անին բազմաթիվ սիրեկաններ ուներ, որոնց Դուք ճանաչում էիք, անգամ ընկերացել էիք նրանց հետ:
-Իրականում ամեն ինչ այլ կերպ է եղել: Նրանք եղել են երեքը, բայց ոչ թե սիրեկաններ, այլ մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում էին շփվել Անիի հետ: Նրանք բոլորն էլ դուրս են շպրտվել: Ես նրանց ասել եմ, որ այս մուտքը, այս շենքը մեկընդմիշտ մոռացե՛ք… Ես նմա՞ն եմ մոմ բռնողի (ծիծաղում է):
-Սպանությունը բացահայտելու համար ինչ-որ քայլ Դուք անձամբ ձեռնարկելո՞ւ եք:
-У нас свои фишки есть- калдавские и другие методы: Մենք կանենք մեր ձևով:
-Հնարավո՞ր է՝ Դուք իրական մարդասպանի հետքի վրա լինեք:
-Կարելի է և այդպես ասել:
-Սպասենք զարգացումների՞ն:
-Սպասենք զարգացումներին:
Զրուցեց Տաթև Հարությունյանը