ՀԱՄԱԼԻՐԸ ԿԵՍ ԳՆՈՎ ՎԱՃԱՌԵՑԻՆ՝ «ՊԱՊԱՅԻ ԱՐԵՎ» ԽՈՍՏՄԱՆ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը երեկ կնքեց հերթական մութ գործարքը. այս անգամ արդեն դա արեց՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը վաճառելու համար: ՀՀ Կառավարության երեկ ընդունած որոշման համաձայն՝ մարզահամերգային համալիրի գնահատված արժեքը կազմում է 27 միլիարդ 568 միլիոն 962 հազար 455 դրամ է:

Նշենք, որ այդ արժեքի մեջ մտնում են մարզահամերգային համալիրը` 46 հազար 335.7 քառ. մետր մակերես տարածքով, 40 եւ 50 քառ. մետր մակերեսով օժանդակ շինություններ, 2 հազար 800 քառ. մետր մակերեսով ջրավազաններ եւ աստիճանները, 3 հազար 851.3 քառ. մետր մակերեսով մեկ այլ ջրավազան: Բացի այդ՝ նույն գործարքով մարզահամերգային համալիրի հետ միասին վաճառվեցին նաեւ 1 միլիարդ 575 միլիոն 37 հազար 555 դրամ արժեքով գնահատված 9 հեկտար 5 հազար 595 քառ. մետր մակերեսով հողամաս: Վերը բերված ողջ գույքը, որի ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 29 միլիարդ 144 միլիոն դրամ, կամ նույն է թե՝ 60 միլիոն 716 հազար դոլար, վաճառվեց «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին, որի գրանցման հասցեն է` Երեւան, Հր. Քոչարի փողոց, 22/15 շենք: Իսկ ամենախայտառակն այն է, որ մարզահամերգային համալիրի վաճառքի գինը սահմանվել է գնահատված արժեքի կեսը` 30 մլն դոլար: Այսինքն՝ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությունը մարզահամերգային համալիրի եւ նրա կից հողատարածքների համար պետք է վճարի ընդամենը 30 մլն դոլար: Ի դեպ, նշված մոտ 10 հեկտար հողատարածքը, ինչպես հասկանում ենք, իր մեջ ներառում է մարզահամերգային համալիրի հարեւանությամբ ողջ բլուրը: Որոշման կետից մեկով էլ նախատեսվում էր, որ մարզահամերգային համալիրի հարեւանությամբ գտնվող 8 հեկտար 5 հազար 470 քառ. մետր մակերեսով հողատարածքը եւս առաջիկայում պետք է վաճառվի նույն գնորդին: Ուստի բացառված չէ, որ մի օր էլ կարող է պարզվի՝ ՀՀ Կառավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւս վաճառել է:
Ինչեւէ, ինչ է իրենից ներկայացնում «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությունը, որ նրան նման պատվի են արժանացնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ընկերությունը գրանցվել է ընդամենը 20 օր առաջ: Նրա հիմնադիրը Արմեն Զավենի Գեւորգյանն է` ծնված 1970 թվականին: Իսկ ընկերության՝ վերը բերված հասցեն նույն Արմեն Գեւորգյանի բնակության հասցեն է, որտեղ նա հաշվառված է եւ բնակվում է իր երկու զավակների եւ կնոջ հետ: Այսինքն՝ ՀՀ Կառավարությունը մարզահամերգային համալիրը վաճառում է մի ընկերության, որը օրերս է ստեղծվել եւ ակնհայտ է, որ հենց այս գործարքի համար: Հաշվի առնելով, որ գործադիրը ցանկանում է մարզահամերգային համալիրը նման մութ ճանապարհով օտարել, ապա կարելի է ասել, որ դրա իրական գնորդը Կառավարության նիստերի դահլիճում գտնվող անձանցից մեկն է կամ էլ նախագահականում է նստած: Ի դեպ, Կառավարության ոչ բոլոր անդամները նման կշիռ ունեն, որ կարող են իրենց համար նման մութ գործարք կազմակերպել:
Իսկ ինչպես է Կառավարությունը հիմնավորում մարզահամերգային համալիրը կոնկերտ այս «նորածին» ընկերությանը վաճառելը: Պարզվում է՝ քսան օր առաջ` հուլիսի 20-ին ստեղծված ընկերությունը հասցրել է Կառավարությանը ներդրումային ծրագիր ներկայացնել, եւ խոստացել են, որ նախ կվերանորոգեն մարզահամերգային համալիրի շենքը: Իսկ ամենակարեւորն այն խոստումն է, թե նախատեսում են տարածքում կառուցապատում իրականացնել եւ կառուցել «ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն»: Այս կառույցը, ըստ խոստման, պետք է ներառի «հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Հյուրանոցներն ունենալու են 350-ից ավել ընտանեկան ոճի սենյակներ: Փակ ջրային ատտրակցիոնը ունենալու է ավելի քան 18 հազար քառ.մետր մակերես, աշխատելու է 12 ամիս»: Ըստ խոստման՝ չորս տարում 100 մլն դոլարի ներդրում պետք է կատարվի: Առաջին հայացքից թվում է, թե գայթակղիչ ծրագիր է: Բայց ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս ամենն ընդամենը խայծ է եւ դատարկ խոստում` այս մութ գործարքն արդարացնելու համար: Թե չէ «պապայի արեւ» մակարդակի խոստումներն այնքան էլ արժանահավատ չեն:
Ի վերջո, եթե այդ Արմեն Զավենի Գեւորգյանը նման ֆինանսական հնարավորությունների տեր գործարար է, որի մասին մինչ օրս ոչ ոք չի լսել, ապա ինչու մինչ այս նա իր ծրագիրը մեկ այլ վայրում չէր իրականացնում, ինչու է հենց մարզահամերգային համալիրն ընտրել: Ի վերջո, մարզահամերգային համալիրը պատմամշակութային արժեք է: Երեւանի շուրջբոլորը բազմաթիվ ազատ տարածքներ կան, ինչու են որոշել մարզահամերգային համալիրը «մխտռել» ու շինություններով շրջափակել:
Ի դեպ, այս ծրագրի հետ կապված մյուս ուշագրավ պահը այդ համալիրում խաղատուն կառուցելու մտադրությունն է: Ինչպես հայտնի է՝ 2003 թվականին ընդունված ՀՀ օրենքով Երեւանի տարածքում արգելվում է խաղատուն կառուցել: Բայց պարզվոմ է՝ ինչ-որ մարդկանց քմահաճույքների համար պատրաստվում են ՀՀ օրենսդրությունն էլ փոխել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին այս դպրոցի ուսուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի դիմաց եւ դպրոցում առկա խախտումների մասին էին բարձրաձայնում: ԿԳ նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տնօրենի ազատման լուրը: «Ստացված բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հիմք ընդունելով ՀՀ կրթության պետական տեսուչների կողմից տրամադրված տեղեկանքում արձանագրված փաստերը, նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրվել է հրաման, որով դադարեցվել են Արարատի մարզի «Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանի լիազորությունները, քանզի վերջինս ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար վերապատրաստվելու եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար ներկայացրել է փաստաթղթեր, որոնցում առկա են կեղծ տվյալներ»- ասաց Եգանյանը:

 

ՄԻՆՉԵՎ «ՑՐՑԱՄ ՏԱՆ»
Մինչ օրս անհայտ է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում խոստացված աուդիտը երբ է անցկացվելու: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԷՑ մամլո խոսնակ Նատալիա Սարջանյանից պարզել, թե այդ գործընթացը որ փուլում է: «Դեռեւս նույն փուլում է: Նախ պետք է տեխնիկական առաջադրանքը ամփոփովի, դրանից հետո նոր կսկսվի ընտրության փուլը, դեռեւս տեխնիկական հարցերը պետք է լուծվեն»,- ասաց Սարջանյանը: Հավելենք, որ Կառավարության երեկվա նիստում էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե խոշոր բիզնեսի էլէներգիայի թանկացումը պետբյուջեից չի փոխհատուցվի: Այսինքն՝ Կառավարությունը կփոխհատուցի միայն բնակչության սպառած էլէներգիայի սակագնի` 6,93 դրամի թանկացումը: Իսկ ձեռնարկությունները, ինչպես պարզվում է, օգոստոսի 1-ից արդեն նոր` բարձրացված սակագնով պիտի վճարեն էլէներգիայի վարձի դիմաց:

 

3 ՄԼՆ ՊԱՀԱՆՋ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՑ
«Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերի ներմուծմամբ եւ տեղադրմամբ, դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ: ՍՊԸ-ն դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնից գանձել շուրջ 3 միլիոն դրամ: Գործով կա նաեւ երկրորդ պատասխանողը՝ «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը:
Այն, որ Մայր Աթոռին կարող են անվտանգության համակարգեր անհրաժեշտ լինել, թերեւս հասկանալի է, հաշվի առնելով այն փաստը, որ Էջմիածնում բավականին շատ գանձեր են պահվում: Բայց առնվազն տարօրինակ է, որ եկեղեցու հետ գործարք կնքած ընկերությունը ստիպված է դատական ճանապարհով իր գումարները պահանջել եւ ստանալ:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉԵՆ ՄԵՐԺՈՒՄ
«Հայոց եկեղեցու՝ դարերով ամրագրված ավանդույթի համաձայն՝ մեր եկեղեցու սուրբ ավազանում կարող են մկրտվել հայեր, հայերի հետ ամուսնացած օտարազգիներ եւ օտարներ կամ այլադավաններ: Նրանք անցնում են նախապատրաստական շրջանը, Քրիստոսին ընդունում իբրեւ փրկիչ, տեղեկանում են հավատքից եւ ձեռք են բերում տարրական գիտելիքներ, ընդունում են հայ եկեղեցու ուղղափառ դավանություն, որից հետո միայն մկրտվում են»: Երեկ անդրադառնալով Արեւմտյան Հայաստանից երեք ծպտյալ հայերի՝ հայոց եկեղեցու կողմից չմկրտվելուն, ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Նա նաեւ ընդգծել է.«Արեւմտյան Հայաստանից ժամանած երեք անձերին ցույց է տրվել ճիշտ ճանապարհը՝ Պոլսո պատրիարքության հովանու ներքո անցնել այդ նախապատրաստական ուսուցողական շրջանը եւ հստակեցնել իրենց ազգությամբ հայ լինելը, որից հետո հայոց եկեղեցին կմկրտի նրանց: Եկեղեցին ոչ ոքի չի մերժում»:

 

Ո՞ՆՑ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Երեկ Կառավարության նիստից հետո պատասխանելով սահմանադրական փոփոխությունների, հատկապես միասեռականների ամուսնությունը բացառող դրույթի վերաբերյալ հարցին` տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասել է. «Դուք լավ գիտեք` ես ոնց եմ վերաբերվում»:

 

ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ վերադարձել է արձակուրդից եւ ծանոթացել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրավոր դիմումին` Անդրանիկ Նիկողոսյանին Աժ մեդալից զրկելու վերաբերյալ: Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն ասել է, որ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին պարգեւներից զրկելու ընթացակարգ չկա: «Նիկողոսյանի պարգեւատրման առիթը չի եղել նրա ունեցած հայացքները, կարծիքը կամ դրանց հրապարակային հայտարարումը։ Այդ ժամանակ նրա ունեցած կարգավիճակում կատարած աշխատանքի գնահատման համար է պարգեւատրվել։ Ցավոք, պարգեւատրողը ոչ միշտ է կարող կանխատեսել պարգեւատրվողի հետագա գործողություններն ու արված հայտարարությունները»,- ասել է Բաբայանը: Իսկ հարցին` Գալուստ Սահակյանը ցանկություն ունի՞ Անդրանիկ Նիկողոսյանին զրկելու պարգեւներից, նա արձագանքել է. «Ցանկությունները չեն կարող դուրս լինել իրավակարգավորումներից»:

 

ԵՐԵՎԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ Է
Համահայկական 6-րդ ամառային խաղերի մեդալային հաշվարկում հաղթել է Երեւանի պատվիրակությունը, որը նվաճել է 51 ոսկե, 42 արծաթե եւ 47 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Գյումրին, եռյակը եզրափակում է Վանաձորի թիմը:




Լրահոս