Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն ահազանգեց «Արթիկ» դատապարտյալ Արթուր Այվազյանի մայրը՝ Նինա Պետրոսյանը, ում փոխանցմամբ, որդին արդեն երկրորդ օրն է հացադուլի մեջ է:
Ն. Պետրոսյանը մեզ հայտնեց, որ անժամկետ հացադուլի պատճառն այն է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կենտրոնական տեղաբաշխման հանձնաժողովը անօրինական կերպով մերժում է որդուն բաց ռեժիմ տեղափոխելու դատարանի որոշումը. «Որդուս պաշտպանի՝ Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ նրան բաց ռեժիմ տեղափոխելու մասին, Կենտրո և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է, սակայն հանձանաժողովը՝ ի դեմս դրա նախագահ Ռաֆիկ Հովհաննիսյանի, առանց տրամաբանական պատճառաբանության մերժել է կատարել դատարանի որոշումը: Հետո բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, որտեղ ևս մեր բողոքն ընդունվել և հավանություն է տրվել որդուս տեղափոխելուն: Ու հանձնաժողովը կրկին մերժել է: Այս անօրինականության պատճառով էլ երեկ Արթուրը օրինական կերպով անժամկետ հացադուլ է հայտարարել»:
Հուսահատված մոր խոսքով, որդու պատժի կրմանը մնացել է 5,5 ամիս ժամանակ: Նշված ժամկետի լրանալուց հետո կլրանա Արթուր Այվազյանի՝ անազատության մեջ գտվելու 14 տարին: Ի դեպ, Արթուր Այվազյանին երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ:
Հավելենք, որ Արթուր Այվազյանը դատապարտված է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով: Այվազյանն իր մասով հատուցել է տուժող կողմի ներկայացրած քաղհայցի պահանջը: 2012 թվականին Այվազյանը տեղափոխվել է մեկուսացվածության ավելի ցածր մակարդակի ՔԿՀ՝ սկզբում՝ կիսափակ, ապա՝ կիսաբաց տեսակի:
Ըստ պաշտպան Ալումյանի՝ Այվազյանի փաստացի կրած պատիժն իրավունք է տալիս, որ նա դիմի՝ պայմանական-վաղաժամկետ ազատվելու խնդրանքով: «Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալ Այվազյանին դասակարգել են որպես միջին ռիսկայնության դատապարտյալ: