Հավաստագրից զրկված տնօրենը հինգ տարով կհեռացվի համակարգից. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի մասնակցությամբ,- հայտնում են ԿԳՆ լրատվության և հասարակայնության կապերի բաժնից: Բացելով խորհրդակցությունը` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախորդ տարի կրթական համակարգն իր առջև դրած խնդիրները հիմնականում կատարել է, սակայն 2015-16 ուսումնական տարվա նախաշեմին առկա են նոր մարտահրավերներ:

«Այս տարի ևս սահմանված գերակայությունները պահպանվելու են. հանրակրթությունը կրթական համակարգի ամենակարևոր, ցավոտ և մասսայական ոլորտն է, ուստի համակարգում առկա խնդիրները ստեղծում են հասարակական պահանջարկ` դրանցով ավելի ակտիվ զբաղվելու համար»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ որոշ մարզերում առկա են դեմոգրաֆիական խնդիրներ, որն իր ազդեցությունն է թողնում է նաև դպրոցների գործունեության կայունության վրա:

«Եթե դպրոցում անխուսափելի են կրճատումները, ապա դրանք պետք է լինեն` ելնելով բացառապես կրճատվողի մասնագիտական հմտություններից և օրենքի պահանջներից` այսպիսով բացառելով անարդարության որևէ դրսևորում: Երկրորդը դպրոցների ֆինանսական կայունության խնդիրն է. տնօրենը պետք է ֆինանսական հոսքերն այնպես կազմակերպի, որ դպրոցը որևէ ֆինանսական խնդիր կամ պարտք չունենա: Այն դպրոցի տնօրենը, ով պարտքով է փակում տարին և ժամանակին չի ահազանգել դրա մասին` օբյեկտիվորեն ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու համար, կազատվի աշխատանքից: Բացի այդ, նշված գործերը կարժանանան համապատասխան իրավապահ մարմինների ուշադրությանը` պետությանը հասցված վնասի համար»,-նշել է Արմեն Աշոտյանը` վարչության պետերին հորդորելով ոլորտում առկա օրենսդրական փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացնել դպրոցի տնօրեններին:

Նա նաև նշել է, որ այդպիսի օրենսդրական փոփոխություններից մեկով` հետայսու նախարարը կարող է դպրոցի տնօրենին զրկել հավաստագրից, որի հետևանքով վերոնշյալ տնօրենն ավտոմատ ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Արմեն Աշոտյանի խոսքով` հավաստագրից զրկելու համար հիմք կարող է հանդիսանալ ուսհաստատության ֆինանսական վատ կառավարումը և այլ խախտումներ:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին նաև այլ հարցեր` օգոստոսյան խորհրդակցությունների կազմակերպման և անցկացման, «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման, տարրական և պետբյուջեով տպագրվող 11-րդ դասարանի դասագրքերի, դասամատյանների, համընդհանուր ներառական կրթության, սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին աջակցելու, կառավարական պարգևների ներկայացվող մանկավարժների անվանացանկը և անձնական գործերը 3-օրյա ժամկետում ներկայացնելու մասին:




Լրահոս