Որ կուսակցությունները կհամաձայնեն ֆոտոսեսիա «անցկացնել» Սերժ Սարգսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2015թ. մարտ ամսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում այդ հարցերը քննարկելու նպատակով հանդիպել էր մի քանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: ՀՀ նախագահի հետ այդ շրջանում հանդիպել էին ՕԵԿ, ՄԱԿ, ԲՀԿ, ՀՀՇ, «Ազատ դեմոկրատներ» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները: Այդ ժամանակ համացանցում իսկական հիթ դարձավ Ս. Սարգսյանի և քաղաքական գործիչների ֆոտոսեսիան:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին նախագահական նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որի ժամանակ էլ կրկնվի այն ժամանակվա սահմանադրական ֆոտոսեսիան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես բոլոր քաղաքական ուժերին կհրավիրի իր մոտ՝ նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու նպատակով: Ի դեպ, հրավերն հատուկ այնպես է ձեւակերպվելու, որպեսզի իշխանությունների սիրելի կուսակցությունները, որոնք սիրում են ընտրություններից առաջ ընդդիմություն խաղալ, չնեղվեն և համարձակ գնան նախագահական: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հրավիրելու է՝ «կուսակցությունների կարծիքները, այդ թվում առարկությունները լսելու համար»:

Ուստի, ասենք, ՕԵԿ-ականները համարձակ կգնան հանդիպման և դուրս գալով՝ կհայտարարեն, որ իրենք գնացել էին իրենց առարկությունները ներկայացնելու: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից թերևս ՀԱԿ և «Ժառանգությունը» հանդիպմանը չեն գնա, քանի որ ամբողջությամբ դեմ են հրապարակված նախագծին:

Armlur.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ` պարզելու` նախագահը հանդիպման հրավեր ուղարկե՞լ է, թե ոչ: Մարտիրոսյանը նշեց, որ նա հրավերի մասին տեղյակ չէ: Մեր այն դիտարկմանը, թե` հրավեր լինի, կմասնակցե՞ք, Մարտիրոսյանը նշեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել` քանի դեռ նման հրավեր առկա չէ:

«Մենք մի անգամ հանդիպել ենք, մոտեցումները ներկայացրել ենք` չի ընդունվել, երկրորդ անգամ ի՞նչ իմաստ ունի հանդիպումը», – հավելեց Մարտիրոսյանը:

Նույն հարցով Armlur.am-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հրավերի վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում և  հստակ չի կարող ասել` պաշտոնապես հրավեր եղել է, թե ոչ:

«Եթե հրավեր լինի, մենք մեր բոլոր որոշումները կհայտնենք: Ես այսօր էլ հանդես եմ եկել հայտարարությամբ, որ երբ հստակեցվի մեր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, մենք անպայման կհայտնենք: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն Ազգային ժողովում, դիտորդ չի կարող լինել այդ հարցերին և պարտադիր կերպով կմասնակցի», – նշեց Բաբայանը:




Լրահոս