Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը օրերս Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին հորդորել է հրաժարվել խմբի ղեկավարի պաշտոնից: Դեսպանը Նաղդալյանին ասել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ռուսական «Գրիբայեդով» ակումբի անդամ է, չի կարող ղեկավարել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը: Հերմինե Նաղդալյանն էլ հետեւել է դեսպանի հորդորին ու հրաժարական է ներկայացրել: Նշված բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ դեսպանը առաջարկել է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը ղեկավարի հենց Ս. Նիկոյանը:
-Պարո՛ն Նիկոյան, ո՞վ է Ձեզ առաջարկել ղեկավարել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը, արդյո՞ք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն է Ձեզ առաջարկել ղեկավարել խումբը:
-Տեւական ժամանակ առաջ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի սենյակում, իսկ մենք կուսակցական հին ընկերներ ենք, խոսակցության ժամանակ իմ կողմից եղավ առաջարկ՝ ղեկավարելու խումբը՝ հաշվի առնելով տիկին Նաղդալյանի բազմազբաղ լինելու հանգամանքը: Ինքն էլ շատ դրականորեն ընդունեց իմ առաջարկը ու պատրաստակամություն հայտնեց, որպեսզի ինքն ինձ այդ հարցում ամեն ինչով օգնի: Դրանից հետո մենք երկուսով դիմել ենք ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, ով հրամանագրի ձեւով արձանագրել է այդ փաստը: Այսքանն է ճշմարտությունը, մնացածը կեղտոտ, լկտի, սուտ բաներ են:
-Այսինքն՝ Դուք ե՞ք առաջարկել Հերմինե Նաղդալյանին հրաժարվել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարումից, որպեսզի այն Դուք ղեկավարե՞ք:
-Ես եմ առաջարկություն արել իրեն, շատ սովորական, աշխատանքային, ընկերական, գործնական խոսակցության ընթացքում առաջացավ այդ գաղափարը: Հերմինե Նաղդալյանն էլ գոհունակությամբ ընդունեց այդ փաստը, ու մենք օրեր անց այդ հարցով դիմեցինք ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
-Բայց լուրեր կան, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը չի ցանկացել, որ խումբը ղեկավարի մի մարդ, որը «Գրիբայեդով» խմբի անդամ է, ինչի համար դեսպանը հորդորել է հրաժարական ներկայացնել: Դուք տեղյա՞կ եք դեսպանի այդ տեսակետից:
-Դա սուտ է, հերյուրանք է: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան պարտավոր է իր կոչումով բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր կարեւոր երկրների հետ: Մեզ համար առաջին ու կարեւոր երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք եվրասիական տնտեսական միությունում ենք, որի հետ մենք ՀԱՊԿ-ի կազմում ենք, քանի որ ԱԺ փոխնախագահը պարտավոր է այդ ուղղությամբ կարեւոր քայլեր կատարել, ապա դա արվում է: Եվրոպան մեր բարեկամն է, մենք Եվրոխորհրդի անդամ ենք, մենք ԵԱՀԿ-ի անդամ ենք, ջերմ հարաբերություններ ունենք Եվրոպայի հետ: Հերմինե Նաղդալյանը նաեւ ղեկավարում է Եվրոխորհրդում հայկական պատվիրակությունը, ու դա շատ նորմալ է, ինքը փորձառու է: Մենք մեր ջերմ փոխհարաբերությունները պահում ենք նաեւ ԱՄՆ-ի հետ, մենք պետք է ջերմ հարաբերություններ պահենք Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Չինաստանի ու բոլոր այն երկրների հետ, որոնք ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում: Ու յուրաքանչյուր պաշտոնյաներ, այդ թվում նաեւ՝ Հերմինե Նաղդալյանը, պարտավոր են հետեւել այդ օրինակին: Այնպես որ, որեւիցե վատ բան մի տեսեք, որ նա «Գրիբայեդով» ակումբի համաղեկավար է կամ անդամ է, չգիտեմ… Միեւնույն ժամանակ նա կարող է լինել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար: Նշեմ նաեւ, որ թե ով կլինի մեր պատվիրակության ղեկավարը, դա չի որոշում Եվրոխորհուրդը կամ Եվրոպան, այլ դա որոշում է ՀՀ իշխանությունը, ԱԺ խմբակցությունն ու ԱԺ նախագահը:
-Նշեցիք, որ ԱԺ նախագահն է որոշում կայացնում խմբի ղեկավարման հարցում, բայց մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի ցանկանում, որ բարեկամական խումբը ղեկավարի Հ. Նաղդալյանը, քանի որ նա ավելի շատ ռուսամետ է ու այս ընթացքում որեւէ աշխատանք չի իրականացրել, որը կբխի ԱՄՆ-ի շահերից:
-Ո՛չ, ո՛չ, իրենք նման բան չեն ասում, իրենք նման ներքին գործերի չեն միջամտում: Կարող է՝ բարեկամական խմբի տեսակետն ընդհանրապես չհամընկնի դեսպանի կամ ԱՄՆ-ի հետ, մինչեւ այս որեւէ խնդիր չի առաջացել: Նման բան իրականում գոյություն չունի: Ես էլ նշանակվել եմ ու ցանկանում եմ այդ խմբի աշխատանքներում մի քիչ ավելին անել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ես դրա ժամանակն ունեմ, իսկ Հերմինե Նաղդալյանը զբաղված էր, ես դրա մասին արդեն նշեցի: Իրականությունը սա է:
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ «ԹՌՆՈՂ» ՆԱԽԱՐԱՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼՈՒ ՀԵՏ ՍԵՐ ՈՒՆԻ
ՀՀ ԳՆ-ն այն գերատեսչությունն է, որի հետ առնչվում են գրեթե բոլոր ՀՀ քաղաքացիները ու ամեն անգամ կառույցի հետ «գործ» ունենալիս հասկանում են, որ սույն նախարարությունն ուղղակի զբաղված է «նկարչությամբ»: Ցանկացած գյուղացու հետ զրուցելիս պարզ է դառնում, որ նա խնդիրներ ունի իր բերքի իրացման ու մնացած հարցերում, սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարում է՝ ամեն ինչ «հրաշալի» է, աննախադեպ բերք են ունեցել, իսկ գյուղացիներն էլ գոհ են:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանն այն նախարարների թվին է դասվում, որը կարողանում է շատ արհեստավարժ ձեւով խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց. Կարապետյանի «լեզուն» որեւէ լրագրող չի հասկանում, քանի որ իրեն ուղղված ցանկացած հարցից հետո նախարարը վրդովվում է ու արագ հեռանում: Ընդ որում, այնպես արագ, որ որեւէ լրագրողի չի հաջողվում հասնել ու պարզել, թե ինչն է նրան վրդովվեցրել:
Առաջին հայացքից ու նախարարության պաշտոնական հաղորդագրություններից կարելի է կարծել, որ ՀՀ-ում աշխատում է միայն գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը. մարզեր է այցելում, լուսանկարվում տարբեր պտուղ-բանջարեղենների «հետ» ու շատ լուրջ դեմքով տպավորություն ստեղծում, թե խորամուխ է լինում մարզերի բնակիչների խնդիրներին: Բայց այս տարիների ընթացքում պարզվել է, որ նախարարը դա անում է միայն իր փիառի համար, քանի որ նրա ասածները մնում են թղթի վրա, իսկ լուսանկարները «ընդգրկվում» են նրա ֆոտոալբոմում որպես հուշ:
Ասվածին օրինակ հիշեցնենք հուլիսի 1-ին Շիրակի մարզ կատարած այցը, երբ նախարարը մեկնել էր՝ դիտարկելու սերմնաբուծության եւ սերմնարտադրության, օրգանիկ այգիների հիմնման պետական ծրագրերի արդյունքները: Հենց այդ այցի ժամանակ էլ նա հայտարարել էր, թե այս տարի ցորենի ցանքատարածություններից բարձր երաշխավորված բերք է սպասվում: Եկավ բերքահավաքի ժամանակը, եւ գյուղացին կրկին հայտնվեց խնդրի առաջ. բերքը չեն գնում այն գնով, որը սահմանվել էր նախապես: Սակայն դա ամենեւին չի խանգարում, որ գյուղնախարարությունում, հետեւելով իրենց ղեկավարի օրինակին, անընդմեջ հայտարարեն, որ իրենք գյուղացու կողքին են ու ցանկացած հարցում կաջակցեն: Թերեւս այստեղ արդեն հասկացել են, որ անկախ իրենց հայտարարություններից` գյուղացին հույսը դնում է ինքն իր վրա ու իր գործունեությունը ծավալում է այնպես, որ որեւէ կապ չունենա նշված գերատեսչության հետ:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՃՈԽ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարության աշխատակազմը օգոստոսի 4-ին պայմանագիր է կնքել «Վեկս» ընկերության հետ, որի հիման վրա նշված ընկերությունը մինչեւ սեպտեմբերի սկիզբը պետք է իրականացնի Կառավարության շենքի վերանորոգման աշխատանքները: Այդ նպատակով պետբյուջեից ծախսվելու է մոտ 26 մլն դրամ: Սակայն ուշագրավն այն է, որ ինչպես միշտ, այս անգամ եւս Կառավարությունն աչքի է ընկել ճոխ պատվերներով: Օրինակ՝ գործադիրը պատվիրել է երկու դուռ՝ ՄԴՖ-ից, «բարձր որակի, ներկապատված եւ ոսկեզօծված», որոնց արժեքը կազմում է 2 մլն 266 հազար դրամ: Պահարանները եւս լինելու են ոսկեզօծ, որոնց արժեքը 1 մլն 39 հազար դրամ է: Կառավարության շենքն առանց այդ էլ պակաս ճոխ կահավորված եւ նորոգված չէ: Սակայն մարդիկ, միեւնույն է, ցանկանում են, որ ավելի ճոխ լինի: Սա այն դեպքում, երբ նույն այդ Կառավարության գործունեության շնորհիվ, միայն պաշտոնական տվյալներով, Հայաստանում մոտ մեկ միլիոն մարդ ապրում է աղքատության պայմաններում:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԵ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի մարզերում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների թիվը: Ըստ այդմ, պաշտոնական վիճակագիրները ներկայացրել են, թե մշակաբույսերից յուրաքանչյուրի ցանքատարածքների մակերեսը որքան է: Բնականաբար բոլոր ուղղություններով վիճակագիրներն աճ են արձանագրել: Ասենք՝ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներն անցած տարվա համեմատ աճել են 5.8 տոկոսով, կարտոֆիլինը՝ 3 տոկոսով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 9.6, եւ այսպես շարունակ: Իսկ ինչպես են Հայաստանում որոշում, թե յուրաքանչյուր մշակաբույսի ցանքատարածքները որքան են: Մեխանիզմը շատ պարզ է. գյուղապետերը, ըստ իրենց աչքաչափի, ինչ-որ թվեր են հաղորդում մարզպետներին, նրանք էլ՝ ԱՎԾ-ին: Արդյունքում, բոլորի մոտ աճ եւ միայն աճ է գրանցվում: Իսկ այն փաստը, որ Հայաստանում արդեն հարյուրի հասնող «մեռյալ» գյուղեր կան, որոնցում միայն տարեցներ կամ, լավագույն դեպքում, կանայք են բնակվում, որտեղ հողերը չեն մշակվում, դա արդեն պաշտոնական վիճակագիրներին հաստատ չի հետաքրքրում: Իրենց գործը աճ նկարելն է:
ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
ՀՀ քննչական կոմիտեն Էրեբունի դատախազի ցուցումով «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցել: Հիշեցնենք, որ ըստ Մարտիրոսյանի հայտարարության՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի «մարդիկ» օգոստոսի 14-ին ծեծի են ենթարկել իրեն եւ իր կնոջը: