Դպրոցից դուրս մնացած երեխաների խնդիրը` օրակարգի առանցքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը եղել է գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու խնդիրը:

Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ուստարվա նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են, մասնավորապես, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մանկավարժների և տնօրենների, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ: Նախարարի խոսքով` բուհերում ևս ամեն ինչ պատրաստ է` բոլոր աշխատանքները բնականոն ընթացքով անցկացնելու համար: Արմեն Աշոտյանը նաև հանձնարարել է հանրակրթության վարչության պետին` տվյալներ տրամադրել այս ուսումնական տարվա աշակերտական համակազմի, դպրոցից դուրս մնացած երեխաների, 9-րդ դասարանն ավարտած աշակերտների թվաքանակի վերաբերյալ:

Անդրադառնալով դպրոցից դուրս մնացած աշակերտների խնդրին` նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մարզպետարանների և քաղաքապետարանի, ինչպես նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` հայտնաբերել այդ երեխաներին և նրանց վերադարձնել դպրոց: Նախարարն ընդգծել է, որ պետք է ուսումնասիրվեն և հրատապ լուծումներ տրվեն բոլոր այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:
Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին և աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը:




Լրահոս