Հայ-ադրբեջանական սահմանի լարված դրությունը Հայաստանի թողտվությունն է. Ադրբեջանն օգտվում է երկրի թուլացած վիճակից. Վահան Բադասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում կրկին լարված իրավիճակ է տիրում: Ադրբեջանական ագրեսիայի և տիրող իրավիճակի մասին Armlur.am-ը զրուցեց ԼՂՀ ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանի հետ: Վերջինիս խոսքով` Հայաստանը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի և անհրաժեշտ հակահարված տա Ադրբեջանին:

– Պարոն Բադասյան, Ադրբեջանը երկար ժամանակ լարված է պահում ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական, այլև հայ-ադրբեջանական սահմանը: Ադրբեջանն ի՞նչ է ուզում այս կերպ «հասկացնել»:

– Սա բազմակողմանի խնդիր է: Այստեղ կա Ռուսաստանի կառավարության հորդորանքն Ադրբեջանին, նրանց թողտվությունը: Այս ամենը խոսում է նաև այն մասին, որ ՀԱՊԿ գոյություն չունի, որ ԱՊՀ գոյություն չունի, որ ԵՏՄ-ն միայն Ռուսաստանի շահերից է բխում: Ես միշտ ասել եմ, որ դրանք բոլորը չարիք են Հայաստանի համար: Հայաստանը ընկղմվել է ուժեղ չարիքների մեջ: Որպես պետություն մենք տնտեսապես թուլացել ենք, արտագաղթն է մեծացել, գտնվում ենք թույլ և աշխարհաքաղաքական բարդ վիճակում: Ադրբեջանը, անկասկած, փորձում է օգտվել այդ իրավիճակից , քանի որ պարտված կողմն է և ուզում է իր տարածքները ետ վերցնել: Ադրբեջանաղարաբաղյան հատվածում միշտ լարված է իրավիճակը, դա միջազգային հանրությունը հասկանում է, քանի որ կա կոնֆլիկտ և այն լուծված չէ: Բայց հայ-ադրբեջանական սահմանի լարված դրությունը Հայաստանի թողտվությունն է, ղեկավարության, բարձրագույն հրամանատարության հանդուրժողականությունն է, որն անհիմն է:

-Այսինքն, ի՞նչ քայլեր պետք է արվեն:

– Կտրուկ քայլեր պետք է լինեն, իսկ դրա տարբերակները շատ են: Կան ուլտիմատման տարբեր ձևեր: Եթե դու իմ պետության վրա կրակես, ապա ես այս կանեմ և պետք է անի դա:

– Իսկ ո՞րն է պատճառը, որ չի արվում:

– Կարող է Ռուսաստանը լինի, կարող է` Ամերիկան: Բայց  Տավուշի ժողովուրդը գտնվում է ահաբեկված վիճակում և կտրուկ քայլեր են պետք: Պետք է ոչնչացնել բոլոր այն կրակակետերը, որոնցից վնաս է սպառնում: Սա աշխարհում ընդունված ձև է: ԱՄՆ-ն, երբ իր երկրի անվտանգությանը սպառնում է ինչ-որ վտանգ, կամ նույնիսկ կարող է սպառնալ վտանգ, նա նույնիսկ այլ մայրցամաքներում է հարց լուծում և ճիշտ է անում: Եթե հարևանդ քո վրա կրակում է, մատ է թափ տալիս կամ քար է նետում, դու պե՞տք է չէ մի օր բռնես հարևանիդ ձեռքը:

– Միջազգային հանրությունը, այդ թվում` Մինսկի խումբը նման դեպքերում հանդես է գալիս միայն երկկողմանի դատապարտող հայտարարություններով, իսկ ՀԱՊԿ-ն երկար ժամանակ է` լռում էր: Ո՞րն է միջազգային հանրության նման անտարբերության պատճառը:

– Ոչ մի դեպքում միջազգային հանրությունը չի շոշափելու քո շահերը: Նա միշտ փորձելու է պահել չեզոքությունը: Ադրբեջանն ամեն շանտաժի ընդունակ է: Այստեղ հարցը վերաբերում է միայն մեր ժողովրդի անվտանգությանը: Պետք է ռազմական գործողություններով պատասխան տանք, այլընտրանք չկա: Բանակցություն հնարավոր չէ, քանի որ արդյունավետ չեն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս