Հակառակորդի կրակոցից զոհվել են տատ և թոռ. ինչ վիճակում են գտնվում վիրավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը` ժամեր շարունակ կրակի տակ պահելով Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղեր: Սրա հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի` բոլորն էլ խաղաղ բանկիչներ:

ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` հակառակորդը ևս ունի զոհեր և վիրավորներ:

Armlur.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցի հետևանքով զոհվել է 1932 թվականին ծնված գյուղի բնակիչ Պայծառ Աղաջանյանը: Իսկ Բերդավան գյուղում զոհվել է երկու բնակիչ:

Բերդավանի համայնքապետ Արարատ Գաբրիելյանը Armlur.am-ին հայտնեց, որ այս պահին գյուղում իրավիճակը համեմատաբար հանգիստ է. հակառակորդը լռել է: Գյուղապետի փոխանցմամբ` վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Բերդավանում զոհված երկու կանանցից մեկը տարեց կին է, մյուսը՝ միջին տարիքի: Նրանցից մեկը մահացել է հենց տնակում, մյուսի տան պատն են գնդակոծել, բեկորներն էլ դարձել են կնոջ մահվան պատճառ: Վիրավորներից մեկը զոհված տարեց կնոջ թոռն է` 41-ամյա Սոնա Ռևազյանը, ով մահացու վիրավորվել է տանը:

«Հիմա նյութական վնասներն ենք հաշվում: Գյուղում արկեր են պայթել, երեկ կրակում էին տների ուղղությամբ: Մեր մշակույթի տան, որը միջազգային կազմակերպության օժանդակությամբ էր վերանորոգվել, ապակիներից բան չի մնացել, ամբողջությամբ փշրվել են»,- հավելեց գյուղապետը:

Տավուշի մարզում նախօրեին հակառակորդի կրակոցներից վիրավորվել է Այգեհովիտ համայնքի երկու բնակիչ: Նրանք այս պահին Իջևանի բժշկական կենտրոնում են: ԲԿ տնօրեն Նարեկ Վանեսյանը Armlur.am-ին հայտնեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, վիճակները կայուն է. «Բեկորային վնասվածքներ են ստացել, համապատասխան բուժօգնություն են ստացել, հիմա վիճակները նորմալ է»,- ասաց ԲԿ-ի տնօրենը:

Վիրավորներից մեկը տարեց տղամարդ է՝ մոտ 70 տարեկան, մյուսը՝ միջին տարիքի կին:

Հավելենք, որ երեկ վիրավորված 4 բնակիչներից մեկն արդեն դուրս է գրվել բժշկական կենտրոնից:




Լրահոս