“ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ” ՍՊԸ-ում (շուկայում առավել հայտնի որպես “Գետամեջ” ապրանքանիշ) դիտարկման արդյունքների հիման վրա իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ՝ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով: Մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն:
Նաև “ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ” ՍՊԸ-ի արտադրական պահեստներից նմուշառված “Սառեցված հավ” արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:
Վերոգրյալի հիման վրա սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, որոշել է՝
1. Արգելել “ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ” ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը,
2. Արտադրանքը դուրս հանել շրջանառությունից,
3. Տեղեկացնել սպառողներին այդ մասին և արտադրողի կողմից հետ վերցնել արտադրանքը սպառողներից:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին