ՀՀ ԵՐԵՔ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ այլեւս, որ Սահմանադրությունն ամբողջովին փոխելու սարգսյանական ծրագրի հիմնական մեխը երկրի բարձրագույն պաշտոնյաներին դյուրինությամբ ենթարկելն է: Դրա համար, կարծես, ստեղծված են բոլոր իրավական ընթացակարգերը: Արդ, փորձենք ստորեւ հասկանալ ՀՀ վարչապետի ընտրության կարգը եւ կառավարության ձեւավորման հարցում հանրապետության նախագահի դերակատարության աստիճանը: Այս հարցում բավականին հետաքրքիր է առաջարկվող հայկական մոդելի եւ արեւմտաեվրոպական փորձի համադրությունը:

Այսպես, առաջարկվող Սահմանադրության 148-րդ հոդվածը նախատեսում է, որ վարչապետը պիտի լինի խորհրդարանական մեծամասնության թեկնածուն, որին ԱԺ-ի լիազորությունների մեկնարկից հետո եռօրյա ժամկետում նշանակելու է նախագահը: Հետաքրքիր է, որ արդեն վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ նախագահն է առաջադրելու վարչապետի թեկնածուին, որին ընտրելու է խորհրդարանը: Վարչապետ չընտրվելու դեպքում տեղի է ունենալու երկրորդ փուլ, որին արդեն կարող են մասնակցել բոլոր խմբակցություններից առաջադրված թեկնածուները: Այս անգամ եւս վարչապետ չընտրելու պարագայում Ազգային ժողովը պետք է ցրվի: Հավելենք, որ ԱԺ-ի ընտրած վարչապետը կրկին նշանակվելու է հանրապետության նախագահի կողմից:
Բավականաչափ բարդեցված այս ընթացակարգի կարիքը, կարծում ենք, ամենեւին էլ չկար: Եթե ԱԺ-ում ձեւավորվելու է կայուն մեծամասնություն, ապա ինչպե՞ս կարող է պատահել, որ վարչապետ չընտրվի: Նման բան գործնականում հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե ՀՀԿ-ի առաջնորդն այդպես ցանկանա: Հետաքրքիր է, սակայն, որ վարչապետի թեկնածությունն առաջարկելու է Ազգային ժողովի նախագահը, ինչը տրամաբանական չէ, եթե նրան նշանակում է նախագահը: Ինչո՞ւ պիտի հենց ԱԺ նախագահը խորհրդակցի քաղաքական մեծամասնության հետ եւ առաջարկը ներկայացնի նախագահին, որ վերջինս էլ նշանակումը կատարի: Սա բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծում եւ հակասության մեջ է թե՛ միջազգային պրակտիկայի, թե՛ Հայաստանում այսօր գործող սահմանադրական դրույթների հետ: Գործող Սահմանադրությամբ նախագահին է վերապահված ԱԺ պատգամավորների հետ քննարկումներ ունենալու եւ դրանց հիման վրա վարչապետ նշանակելու լիազորությունը: Առաջարկվող տարբերակով, երբ առավել եւս հաշվի ենք առնում, որ վարչապետն է պետության առաջին դեմքը, նման երկար ընթացակարգերը կայուն աշխատանքի ապահովման մասին չէ, որ խոսում են, ինչպես սարգսյանական հանձնաժողովը խոստանում էր իր հրապարակած «Հայեցակարգում»: Անշուշտ, քանի դեռ Հայաստանում կան Հանրապետական կուսակցությունն ու նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը, որը տիրապետում է կոմպրոմատների հաստափոր տրցակին, վարչապետի ընտրությունը որեւէ խոչընդոտի չի բախվի: Բացառված է, որ Սարգսյանի խիստ հայացքի ներքո ԱԺ ինչ-որ մի նախագահ չհամաձայնի ներկայացնել կուսակցական «վոժդի» ցանկացած թեկնածությունը, իսկ անարգված միապետից ցածր կարգավիճակ ունեցող նախագահն էլ չհաստատի այդ ընտրությունը:
Ուշագրավ են, սակայն, 131-րդ եւ 149-րդ հոդվածները, որոնց համաձայն հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ իրականացնում է կառավարության կազմի փոփոխությունը: Մի կողմ ենք թողնում այն հանգամանքը, որ նույն միտքը պետության մայր օրենքում արտահայտվում է երկու հոդվածով: Հետաքրքիր է, որ նախագահին է տրվում կառավարությունում փոփոխություններ կատարելու առանձնաշնորհը: Ստացվում է, որ առաջնային մանդատ նախագահին չտալով` նրան թույլ է տրվելու նախարարներ նշանակել ու ազատել: Այս դեպքում էլ ինչ է իրենից ներկայացնում վարչապետը` որպես պետության առաջին դեմք: Փաստորեն, ստեղծվում է մի դրություն, երբ նախագահը, ընտրված չլինելով ժողովրդի կողմից, այլ նշանակված լինելով ՀՀԿ-ի արտահաստիքային գրասենյակի որոշմամբ, դամոկլյան սրի դերակատարություն է ունենալու վարչապետի համար: Այս հոդվածներով ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ երեք բարձրագույն պաշտոնյաներին, առանց ժողովրդական մանդատի, այնպես է միմյանց հակադրելու, որ երեքն էլ կատարելու են իր կամքը, հակառակ դեպքում նրանցից ցանկացածի օգնությամբ հապճեպ հաշվեհարդար կարող է տեսնել ընդվզող ենթակայի նկատմամբ: Այսպիսով, կարելի է լիովին փարատված համարել Սարգսյանի` անվտանգության մասին հրապարակավ արտահայտած մտահոգությունը:
Իսկ, ահա, Իտալիայում, օրինակ, նախագահն է նշանակում վարչապետին եւ վերջինիս առաջարկությամբ` նախարարներին: Ի դեպ, այստեղ կառավարությունը երդում է տալիս հենց նախագահի առաջ: Կարելի է ասել` Իտալիայում կառավարության փաստացի ղեկավարն, այդուամենայնիվ, նախագահն է: Եթե հաշվի ենք առնում ԶՈՒ գերագույն հրամանատարի կարգավիճակի տնօրինումը նախագահի կողմից, Իտալիայում պետական այդ բարձր պաշտոնը բավականին լայն լիազորություններ ունի, ինչն անհամեմատելի է Հայաստանում առաջարկվող տարբերակի հետ: Իսկ, ահա, Գերմանիայում նախագահին է վերապահված վարչապետի թեկնածության առաջադրումը: Այստեղ եւս կառավարության կազմը ձեւավորվում է նախագահի ստորագրությամբ` կանցլերի առաջարկով: Այս երկու պետությունների փորձը ցույց է տալիս, որ գործադիր իշխանության աշխատանքի կազմակերպումը գերազանցապես կենտրոնացած է նախագահ-վարչապետ ֆորմատում: Մեզ մոտ, սակայն, ԱԺ նախագահի եւ կայուն մեծամասնության ներկայությունն այդ հարցերում զգալիորեն մեծացված է: Խնդիրն այն է, որ ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը միմյանց ընտրության եւ պաշտոնաթողության գործընթացում մեծանշանակ դերակատարություն ունեն, ինչն անհամաչափ է իրենց զբաղեցրած պաշտոններին, որտեղ, ի դեպ, հայտնվելու են ոչ թե ժողովրդական քվեարկության, այլ բացառապես ՀՀԿ մեծամասնության ու առաջնորդի ցանկությամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս