ԴԱՏԱՎՈՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐ Է ԽԱԽՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում:

Նույն հրապարակման մեջ ներկայացվել էր նաեւ Խաչատրյանի տեսակետը: Երեք տարբեր հայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով՝ «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը, չհամակերպվելով իր պարտության հետ, բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության:
Ապա նույն դատարանի մեկ այլ դատավոր Ռուբեն Ներսիսյանը, անտեսելով «մայր դատարանի» կայացրած որոշումը, վճռել էր պարտադրել «Ժողովուրդ» օրաթերթին որպես փոխհատուցում գործարարին վճարել 1 մլն 783 հազար ՀՀ դրամ, եւ այսօրվա դրությամբ՝ արդեն 3 ամսից ավել է, «Ժողովուրդ» օրաթերթի դրամական միջոցները գտնվում են արգելանքի տակ:
Սրանով, սակայն, դատական վիճաբանությունները չեն ավարտվել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթ է ընդունվել օրաթերթի հայցով մեկ այլ գործ: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը հայտնել է, որ օրենքով սահմանված կարգով պատշաճ չի ծանուցվել դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Դատական նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ կայացրած անտրամաբանական որոշմանն անդրադարձել է նաեւ օմբուդսմենի գրասենյակը: Մարդու իրավունքների պաշտպանը՝ Կարեն Անդրեասյանը, պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին: Պաշտպանը միջնորդել է դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացնել:
Ըստ ՄԻ պաշտպանի՝ ուսումնասիրությունները պարզել են, որ դատավոր Ռ. Ներսիսյանը թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում, ինչը հիմք է հանդիսանում, որ դատավորը կարգապահական պատասխանատվության ենթարկվի:
Օմբուդսմենի գրասենյակը կարծում է, որ դատավորը զրպարտության համար նյութական փոխհատուցում կարող էր նշանակել միայն այն դեպքում, եթե պարզեր, որ զրպարտության ենթարկված անձին զրպարտության պատճառով պատճառված վնասի ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Այնինչ՝ օմբուդսմենը նկատում է, որ վճռի բովանդակությունում նման եզրահանգման դատարանը չի եկել: Նշվածը կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանը դատարանին չի ներկայացրել զրպարտության պատճառով իրեն պատճառված վնասը հստակորեն հիմնավորող փաստեր եւ համապատասխանաբար այդ փաստը հավաստող ապացույցներ, այլ պարզապես դատարանից պահանջել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող զրպարտչական տեղեկություններ տարածելու համար օրաթերթից բռնագանձել 2 մլն դրամ, իսկ վիրավորանք պարունակող տեղեկություններ տարածելու համար՝ 1 մլն դրամ՝ որպես փոխհատուցում: Այսինքն՝ որոշման մեջբերված դրույթներից բխում է, որ եթե հայցվոր կողմը օրենքով նախատեսված ոչ նյութական հատուցման պահանջներից բացի՝ ներկայացրել է նաեւ դրամական «փոխհատուցման» պահանջ, ապա պետք է ապացուցի նաեւ, թե ինչո՞ւ առաջինը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Իսկ դատարանի կայացրած վճիռը չի պարունակում դատարանի որեւէ եզրահանգում կամ կարծիք վերը նշվածի վերաբերյալ:
Ստացվում է, որ դատավորը չի ենթարկվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածում եւ ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, չի կիրառել տվյալ գործով ՍԴՈ-997 որոշումը, ինչը համարվում է դատավարական իրավունքի նորմի խախտում: Իսկ սույն գործով ՍԴՈ-997 որոշման չկիրառելն իր հերթին հանգեցրել է նյութական իրավունքի նորմի խախտման:
Ի դեպ, ՄԻՊ-ը հայտնում է նաեւ, որ որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով չի կարող կասկածի տակ դրվել այն, որ դատավորը նախ պետք է ուսումնասիրեր հայցադիմումով բարձրացված խնդրի կարգավորմանն առնչվող ամբողջ իրավական դաշտը, որից հետո վճռի պատճառաբանական մասում ամրագրեր իր եզրահանգումը կիրառելի իրավունքի վերաբերյալ:
ՄԻ պաշտպանը հղում է արել նաեւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված խոսքի ազատության իրավունքին, որը տարածվում է ոչ միայն այնպիսի «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ ու չեզոք, այլեւ նրանց, որոնք կարող են վիրավորել, ցնցել կամ անհանգստություն պատճառել անձանց: Այդ շրջանակներն առավել լայն են լրագրողների մասնագիտական գործունեության դեպքում, ըստ որի՝ լրագրողական ազատությունը ներառում է որոշակի աստիճանի չափազանցության եւ նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն:
Ամփոփելով խոսքը՝ օմբուդսմենի գրասենյակը գտնում է, որ դատավոր Ռ. Ներսիսյանը թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում, ինչը հիմք է հանդիսանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Հիմա մնում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամները ընդառաջեն ՄԻՊ դիմումին: Մենք հետեւողական կլինենք խնդրին:

«Ժողովուրդ» օրաթերթ

 

 

 
ՏՈՒԳԱՆՔ ՉԻ ԿԻՐԱՌՎԻ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի տարածքում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին գործում է արագաչափ: Ի տարբերություն Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան եւ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ բնակավայրերում տեղադրված, բայց չգործող արագաչափերի՝ Բերդավանի արագաչափը գործում է: Սեպտեմբերին 24-ին Բերդավանը ադրբեջանական զինուժի կողմից ուժգին հրետակոծվեց, բերդավանցի 2 կին արկերի բեկորներից զոհվեց, գյուղի 2 այլ բնակիչ էլ վիրավորվեց: Բերդավանցիները կրակի տակ շտապ կերպով իրենց երեխաներին տարհանեցին գյուղից, հասցրին ապահով վայրեր: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց, թե հնարավոր է, որ այդ օրը գյուղի տարածքում տեղադրված արագաչափը լուսանկարած լինի իր ծառայողական ավտոմեքենայի կողմից թույլատրելի արագության գերազանցումը, քանի որ շտապ հիվանդանոց հասնելու խնդիր կար: Նա ասաց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պետավտոտեսչության պետի տեղակալի հետ, ով հավաստիացրել է, որ սեպտեմբերի 24-ին բերդավանցիների կողմից թույլ տրված խախտումների համար տուգանքներ չեն կիրառվի: Համայնքի ղեկավարին հարցրինք սահմանամերձ գյուղում արագաչափ տեղադրելու նպատակահարմարության մասին: Ա. Գաբրիելյանն ասաց, որ Բերդավանում արագաչափն օգտակար է, քանի որ նախկինում, երբ այն տեղադրված չէր, գյուղի ավտոկանգառի մոտ մեծ արագությամբ սլացող մեքենաները մի քանի վթարի պատճառ են դարձել: Նրա խոսքերով՝ արագաչափի առկայությունը զսպում է բարձր արագության սիրահարներին:

 

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԸ ԼՔԵԼ ԵՆ
Մինչ Ադրբեջանը դիմում է ամենատարբեր սադրանքների, այդ թվում եւ դիվերսիոն ներթափանցումների, հայկական բանակում կան ծառայողներ, որոնք չգիտակցելով իրենց պատասխանատվությունը` անպաշտպան են թողնում ՀՀ պետական սահմանը: Այդպիսի «վայ» զինծառայողներից են Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Արմեն Շեկոյանը եւ նույն մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Անատոլի Չերնիշովը, որոնք Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայողներ են: Նրանք համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված հենակետում՝ խախտել են ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, 2015թ. հունիսի 9-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, առանց համապատասխան թույլտվության մոտ երկու օրով ինքնակամ թողել են մարտական հենակետը: Դրա հետեւանքով նվազել է մարտական հենակետի մարտունակությունը, եւ սահմանի այդ հատվածը մնացել է առանց բավարար հսկողության: Ընդ որում, Ա. Չերնիշովը եղել է այդ մարտական հենակետի ավագը, իսկ Ա. Շեկոյանը՝ հենակետի դիտորդը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով, երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

100 ԱՆԳԱՄ ԽԱԽՏԵԼ ԵՆ
Հոկտեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է ավելի քան 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 82 մմ-ոց ականանետից (2 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2 հազար կրակոց:

 

ՍՊԱՌՆՈՒՄ Է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել Թուրքիայի հետ ընկերական հարաբերությունները Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: «Բոլորին հայտնի են մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն եթե Ռուսաստանը կորցնի նման ընկերոջ, ինչպիսին Թուրքիան է, ապա կզրկվի ամեն ինչից, եւ Մոսկվան պետք է իմանա այդ մասին»,- Reuters-ի փոխանցմամբ` ասել է Էրդողանը` Սիրիայում ռուսական գործողությունները «լուրջ սխալմունք» անվանելով:




Լրահոս