Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժնևում հայ-ռուսական երկկողմ բարեկամական և բազմակողմ դիվանագիտական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Հոկտեմբերի 19-ին Գալուստ Սահակյանը Ժնև կատարած այցի ընթացքում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ:

ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության ընդլայնումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ խորհրդարանական ձևաչափով, քանի որ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման և ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքերի ձևավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական գործակցությունը:

Գալուստ Սահակյանը փաստել է, որ բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը կանոնավոր կերպով զարգանում է: Խոսելով բազմակողմ համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է ընդլայնել ու խորացնել երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցներում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրների»: Գալուստ Սահակյանը նշել է նաև, որ Հայաստանը կողմ է Միջխորհրդարանական միությունում ռուսերենը պաշտոնական կամ աշխատանքային լեզու դարձնելու Ռուսաստանի առաջարկին:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանն սկսել է ավելի ծանր զինտեխնիկա կիրառել:

«Մենք՝ քաղաքական գործիչներս, գուցե հասկանում ենք, թե ինչու Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքներ չի հնչեցնում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն հայ հասարակությունը, որը Ռուսաստանն ընդունում է որպես եղբայրական պետություն, այլ սպասումներ ունի»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման և աջակցության համար:




Լրահոս