Անհայտ կորածների հարազատների խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամները «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ այցելել են Վայոց ձորի մարզ և հանդիպել անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։

Հանրապետության մարզերում ավանդույթ դարձած նմանօրինակ հանդիպումների կազմակերպման գլխավոր նպատակն է մշտական ուշադրության կենտրոնում պահել Արցախյան ազատամարտում անհայտ կորածների հարազատների սոցիալ-կենցաղային, բարոյահոգեբանական, իրավական և առողջական խնդիրները։
Հերթական այցելության ընթացքում անհայտ կորածների ընտանիքների անդամները ստացել են համապատասխան խորհրդատվություն, ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն: ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվել է նաև նրանց բժշկական զննությունը: Զինվորական բժիշկների կողմից անհայտ կորածների հարազատներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, տրվել են մասնագիտական խորհրդատվություններ և ուղղորդումներ հետագա բուժման կազմակերպման համար:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները հանդիպում են ունեցել նաև Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ: Մարզպետին են ներկայացվել տվյալ օրվա, ինչպես նաև ընդհանուր առմամբ հանձնաժողովի կողմից վերջին շրջանում իրականացվող աշխատանքները: Ընդգծվել է, որ լայն թափով շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման, նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Մարզպետ Հարություն Սարգսյանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել իրականացվող աշխատանքներին:




Լրահոս