Ինչպես ընդգրկվել լրացուցիչ ցուցակում. ոստիկանության իրազեկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված է քվեարկությանը մասնակցող անձին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգ, այսպես`

1. Եթե քաղաքացին անցնում է ստացիոնար բուժում բժշկական հաստատությունում, ապա տվյալ բուժհաստատության ղեկավարը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը ժամը 14:00-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը պետք է ներկայացնի հիվանդանոցի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը եւ հաշվառման վայրի հասցեն:
Անձնագրային ծառայությունը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ: Իսկ հանձնաժողովն իր հերթին կկազմակերպի քվեարկությունը հիվանդանոցում շրջիկ արկղի միջոցով:

2. Եթե ՀՀ քաղաքացին քվեարկության օրը չի կարող գտնվել իր համայնքում, որտեղ հաշվառված է, ապա նա կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն մինչև 2015 թվականի նոյեմբերի 29-ը` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ:

3. Եթե քվեարկությանը մասնակցող անձը հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում, ապա նա կարող է մինչև 2015 թվականի նոյեմբերի 29-ը դիմում ներկայացնել գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:

ՀՀ ոստիկանություն




Լրահոս