16 տարի առաջ այս օրը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ աննախադեպ մի ահաբեկչություն, որն անվերադարձ կերպով փոխեց մեր երկրի զարգացման ընթացքը: Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը:
Ոճրագործությունից 16 տարի անց էլ, սակայն, հանրության համար մինչեւ վերջ բացահայտված չէ այդ հրեշավոր հանցագործության ամբողջական պատկերը:
Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերհիշում է այդ սարսափելի օրն ու ներկայացնում իր դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ: Ռիմա Դեմիրճյանը որեւէ հույս չունի, որ 16 տարի անց այդ ոճրագործությունը բացահայտվելու է:
-Այդ լուրը բոլորին շոկի մեջ գցեց: Ես ուշագնաց չեմ եղել, որովհետեւ երկար սպասողական վիճակ էր, մինչեւ վերջ հույս էի փայփայում: Սպանությունը կատարվել է ժամը 5-ն անց, բայց ես դրա մասին իմացել եմ ժամը 10-ին, որովհետեւ մինչեւ այդ տարբեր լուրեր էին հաղորդում: Ես գնացի Ազգային ժողովի շենքի մոտ, սակայն ինձ այնտեղից ներս չթողեցին, վերադարձա, որպեսզի գոնե հեռուստացույցով հետեւեմ, հեռուստացույցով միշտ ինչ-որ հուսադրող լուրեր էին հաղորդում՝ անընդհատ սպասողական վիճակ էր: Կարծես թե ինձ քիչ-քիչ պատրաստում էին դրան, իսկ երբ որ Մոսկվան ժամը 22:00-ին հաղորդեց, որ, ցավոք սրտի, Հայաստանի երկու լիդերներն էլ զոհվել են… ես միանգամից հարված ստացա, ուշագնաց չեղա, ասում են` գոռում էի, վազում էի… ես չեմ հիշում: Ցավ էի զգում, բայց էլի չէի հավատում (արտասվում է Ս.Գ.): Բայց իրականությունը համոզեց, երկար ժամանակ… մինչեւ հիմա էլ չեմ համակերպվել: Որ ասում են՝ ցավը մոռացվում է` ճիշտ չէ, ցավը կարող է բթանալ, իհարկե, այն սուր վիճակը չի, բայց չի մոռացվում: Ես գնալով համոզվում եմ, թե ինչ մեծ կորուստ էր: Նա բարի անունով, բարի համբավով անմահացավ, ամեն ինչը փոխվեց, բայց անունը մնաց: Դա հասարակական առումով, իսկ անձնական առումով՝ իմ ընտանիքի, ինձ համար որեւէ բան չի փոխվել՝ ցավը բթանում է, բայց երբեք դուրս չի գալիս քեզանից: Ես հիմա նրա անհրաժեշտությունը շատ եմ զգում, թե՛ ընտանիքի, թե՛ հասարակության համար նման մարդիկ շատ են պետք, հատկապես կրիտիկական պահերին: Ու ես դրա հետ եմ կապում նաեւ, որ անընդհատ հիմա հետաքրքրվում են Կարեն Դեմիրճյանով:
-Բայց գործող իշխանությունները, կարծես թե, այդքան էլ ուշադրություն չեն ցուցաբերում, ինչի վկայությունը նաեւ այն է, որ 16 տարի է անցել, սակայն Կարեն Դեմիրճյանի արձանը այդպես էլ չի կանգնեցվում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ` ո՞րն է նման անուշադրության պատճառը:
-Իշխանություններից դժգոհել չեմ կարող, այ, էս րոպեիս արձանի վրա են աշխատում, Տիգրան Արզումանյանն աշխատում է արձանի վրա, արդեն սկսելու է աշխատել գիպսե նմուշի վրա, երեւի գարնանը` իր ծննդյան օրերին, արձանը կկանգնեցվի: Այնպես որ, բողոքել չենք կարող, ուշադրություն կա, բայց իմ անձնական ցավն իմն է:
-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին հայտարարում էր, որ գործն անպայման բացահայտվելու է, որ դա անգամ գյուղական «ուչաստկովին» ի զորու կլինի անել, սակայն մինչ օրս էլ չկա այդ հանցագործության ամբողջական պատկերը, եւ հանրությունը շարունակում է վստահ լինել, որ հանցագործության բուն կատարողներից զատ` կան կազմակերպիչներ, որոնց այդպես էլ ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի «ուչաստկովիները» չբացահայտեցին: Ըստ Ձեզ` որն է պատճառը:
-Ես հույս չունեմ, գուցե ինչ-որ իրադարձություններից հետո, գուցե պատահական, գուցե մի օր բացահայտվի, բայց ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ սա շատ նրբորեն, խորամանկորեն, հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված գործ էր: Ու ես հավատում եմ, որ այդ տականքներին էլ թվում է, թե իրենք են արել, իրենք չգիտեն, որ իրենց օգտագործել են, միշտ էլ գտնում են դժգոհ տարրերի, այդպիսի տականքների, որոնք միջնորդված ձեւով անում են ու իրենք էլ չգիտեն, թե ովքեր են դա արել, բայց քանի որ այս ամենը, այնուամենայնիվ, կարծիք է, տարբերակ է, ես չեմ կարող պնդել: Դա իմ կարծիքն է, ես իմի եմ բերում անցած ուղին, իմի եմ բերում այն, որ նրանով շատ ավելի շուտ էին հետաքրքրվում, մինչեւ դա: 1996 թվականից առաջ էլ ուշադրության կենտրոնում է եղել: Ես առաջ համոզմունք ունեի, որ միայն Արեւմուտքի կողմից է, հիմա այնքան էլ համոզված չեմ: Այդպիսի լուրջ բանը, սակայն, կասկածներով չեն ասում, ես ապացույցներ չունեմ, եթե ունենամ, որեւէ բանի առաջ չեմ կանգնի: Բայց հիմա չունեմ:
-Ոճրագործության մեջ մեղադրվողների հարազատները, նրանք, ովքեր ինչ-որ տեղեկություն ունեն այդ հանցագործության մասին, առեղծվածային ձեւով մահանում են: Իսկ բանտում իրենց ցմահ պատժաչափը կրող Հունանյան եղբայրներն էլ, ըստ տեղեկությունների, հոգեկան խնդիրներ ունեն: Ձեզ համար հասկանալի՞ է այս իրավիճակը:
-Ես մահացածների վերաբերյալ մանրամասնություններ չգիտեմ, ես չգիտեմ դրանք, բայց, իհարկե, պատահականորեն այդքան մարդ չէր կարող զոհվել: Դա վկայությունն է այն բանի, որ մարդիկ են կանգնած հետեւներից, թույլերին վերացնում են… Ես չեմ կարող բան ասել, մի կողմից՝ դժվար իրենք կարողանային ինչ-որ ստույգ բաներ իմանալ, մյուս կողմից` չի բացառվում, որ քիչ-քիչ գլուխները վերացնում են: Բայց չէ որ այդտեղ կարեւորը եղբայրներն են, այդ տականքները… բայց դա իրենք որպես հոգեկան հիվանդներ չեն արել: Շատ վերսիաներ են եղել, թե թմրամոլ են եղել, որը շատ շուտ բացահայտվեց, որ այդպես չէր, նշվում էր, թե պատահականություն էր, որը եւս հերքվեց, որեւէ պատահականություն չկար: Ինձ ասում էին՝ դու մի՛ մտածի, Կարենին չեն խփի… սիրված էր բոլորի կողմից, ես ասում էի՝ ոչ, եթե եկել են Ազգային ժողով, նրա հետեւից են եկել, կարող էին այդ ամենն ուրիշ ձեւով անել, ես համոզված եմ, որ թիրախը Կարեն Դեմիրճյանն է եղել:
«Ո՞Վ Ա ԷԹՈՒՄ, ՄԻ ՀԱՏ ՁԵՆԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴ ՏՓՈՒՄ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք որեւէ կերպ չեն փորձելու ուղղորդել կամ ճնշել ՀՀ քաղաքացիներին` սահմանադրական հանրաքվեում իրենց այո-ն կամ ոչ-ն ասելիս: Պատգամավորը համոզված է, որ իշխանությունները որեւէ լծակ չեն օգտագործելու՝ իրենց նպատակին հասնելու համար:
-Մարդիկ պիտի հասկանան, որ ամեն ինչից առաջ օրենքն ա, օրենքը: Ժամանակը ցույց կտա, որ էսօրվա մեր քայլերը ճիշտ ա: Մարդիկ բոլորը կեթան-կանցնեն, բայց օրենքները մնում ա: Մարդիկ փոխվելու են, խոմ էսի հավերժ չի, խոմ Սեյրանը հավերժ դեպուտատ չի լինելու: Եթե դուք տեսնեք՝ ինչա փոխվելու, տենց չեք խոսի, ժողովուրդը շատ լավ էլ գիտի, թե ինչ է ուզում: Մենք էլ շատ լավ գիտենք, թե ժողովուրդն ինչ է ուզում, ես չեմ հասկանում, թե դուք ինչի եք խառնվել, երբ ժողովուրդն ինքն է որոշելու, ինքն է հա կամ չէ ասելու: Դուք արխային եղեք, ժողովուրդն իր անելիքն անելու է:
-Բայց գաղտնիք չէ, որ մշտապես ճնշումների եւ կեղծիքների միջոցով են իշխանություններն իրենց համար ցանկալի արդյունքի հասնում:
-Էդ ով է ասում, մի հատ գնա, սաղ պառլամենտական ընտրությունները նայի, տես՝ ինչ է տեղի ունեցել, սաղ արձանագրություններն էլ նայի, վեկալեք, նայեք, լրիվ Ձեր համար լրիվ պարզ կլինի: Որ քո մտքին մի բան չլինի, Սարոյան չէ, ով ուզումա լինի, Սարոյանի 7 պապերն էլ գան, մեկա՝ չես անի, դու կանես նենց, ոնց որ դու ես ուզում, ում ուզում ես, իրան էլ ընտրում ես, հա է` հա կասես, չէ է` չէ կասես, ինչ եք ինչ-որ բանի հետեւից ընգել: Ի՞նչ ուղղորդել, ով կարա ուղղորդի կամ ինչ ուղղորդենք, ո՞նց:
-Ահաբեկելով, վախեցնելով մարդկանց, նրանց ընտանիքներին, ինչպես որ մշտապես արվել է իշխանությունների կողմից:
-Էթանք, ինչ ասենք, ասենք՝ ի՞նչ, ի՞նչ գնա անի, քվեաթերթիկը վեկալեց, մտավ զանավեսկի հետեւ, ով գիտի, թե ընդեղ ոնցա քվեարկել, ո՞վ գիտի, քամին մեռավ ցրտից, էլ ոնց կլինե՞ր, ով ա էթում՝ մի հատ ձենի համար մարդ տփում, դու էլ: Ժողովուրդը տոչնի գիտի, թե որ ուղղությամբ էթա, ժողովուրդը միակ մարդնա, որ գիտի ինչ ու ինչի համար: Մի բան պետք ա մոգենե՞ն չէ, մոգոնում են, էլի:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆՈՐԱՀԱՅՏ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԴԱՏԱՎՈՐԸ
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանի դրամական միջոցները ընդամենը տասը օրում հազարապատիկ անգամ աճել են: Բանն այն է, որ անցած տարվա դեկտեմբեր 24-ին դատավոր նշանակվելիս նա հայտարարագրել է 26 հազ. դոլար եւ 12,5 մլն դրամ դրամական միջոց: Իսկ մի քանի ամսից, երբ ներկայացրել է 2014-ի ամբողջական հայտարարագիրը, նրա դրամական միջոցների չափը փոխվել է: Պարզվում է՝ նա անցած տարեսկզբին ունեցել է ոչ թե 26 հազ., այլ 26 մլն 500 հազ. դոլար եւ 13.750 հազ. դրամ, որը տարեվերջին դարձել է 26 մլն դոլար եւ 12 մլն 200 հազ. դրամ: Ի դեպ, միլիոնատեր Ս. Սահակյանը, մինչեւ դատավոր դառնալը, չնչին աշխատավարձ է ստացել՝ նրա ամսական աշխատավարձը կազմել է ընդամենը 42 հազ. դրամ: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը նման չնչին գումարի դիմաց աշխատել է եւ, ի վերջո, դատավոր է դարձել: Նա անցած տարի ինչ-որ այլ եկամուտ էլ է ունեցել՝ 1 մլն 234 հազ. դրամի չափով: Ի դեպ, դատավորի պաշտոնը ստանձնելիս Սահակյանը հայտարարագրել է 4 հողամաս, մեկ անհատական բնակելի տուն, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենա: Սահակյանի կինը՝ Մարինե Կարապետյանը, ով չի աշխատում, հայտարարագրել է 8 հազ. 500 դոլար եւ 3 մլն 700 հազ. դրամ:
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 15-ին գրել էր, որ Երեւանի Սիլիկյան թաղամասում ավազակային հարձակման էին ենթարկվել 4-րդ փողոցի բնակիչներ, ամուսիններ Շիրին Ալիյանը եւ Թառլան Սադոյանը: Հանցագործները ներխուժել էին Ալիյանների բնակարան, ծեծի ենթարկել ամուսիններին եւ հափշտակել նրանց ոսկյա զարդերը ու 20 հազ. դրամ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շ. Ալիյանը դեպքից առաջ մասնակցել է ինչ-որ հուղարկավորության, որտեղ ծանոթներից մեկը արտասահմանից ուղարկված ինչ-որ գումար է փոխանցել նրան: Ենթադրվում է, որ ներկաներից մեկը նկատել է գումարը փոխանցելու պահը, եւ դա է պատճառ դարձել, որպեսզի երեք դիմակավորված անձինք հարձակվեին Ալիյանների տան վրա: «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձեց պարզել Շ. Ալիյանից, որը ասաց, թե նման բան չի եղել: Նա տեղեկացրեց, որ իր մեծ որդին, որը արտասահմանում էր գտնվում, դեպքի մասին իմանալուց հետո վերադարձել է: Իրավապահները դեռեւս չեն հայտնաբերել հանցագործներին:
«ՍՊԱՅԿԱ»-ԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Սպայկա» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. սեպտեմբերի 25-ին «Սպայկա» ընկերության մաքսային ձեւակերպումների մասնագետ Արթուր Ելոյանը դիմել է մաքսային մարմին եւ տեղեկացրել, որ «ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրել է բեռ, սակայն հայտարարագրում սխալ տվյալ է լրացրել: Արդյունքում մաքսային ձեւակերպումների մասնագետ Արթուր Ելոյանը տուգանվել է 50 հազ. դրամի չափով: