ՌԵՎԱՆՇ Է ՊԱՀԱՆՋԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 23-ին Մագդեբուրգում (Գերմանիա) կայացավ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի ռեւանշ-մենամարտը: Արթուր Աբրահամը երրորդ ռաունդում աջ աչքի շրջանում վնասվածք ստացավ, եւ բժիշկը թույլ չտվեց շարունակել հանդիպումը: Ռոբերտ Շտիգլիցը կրկին դարձավ WBO վարկածով գերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթել էր 116-112, 116-112, 115-113 հաշվով եւ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Ժողովուրդ»-ն Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է Արթուրը, եւ ինչ է սպասվում նրան առաջիկայում: Մամլո խոսնակը հայտնեց, որ մարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում 33-ամյա Աբրահամը ռեւանշ-մենամարտ է պահանջել Շտիգլիցից: «Ես աչքի վնասվածք ստացա, որի արդյունքում աչքս ամբողջովին փակվեց: Մրցավարները կանգնեցրին մարտը: Ես դեմ չեմ Շտիգլիցի հետ ռեւանշ-մենամարտ անցկացնել: Հուսով եմ, որ նա ինձ այդ հնարավորությունը կտա, չէ՞ որ մեր հաշիվն առայժմ 1:1 է, մեր երրորդ մրցապայքարը կլինի որոշիչ»,-ասել է Աբրահամը: 31-ամյա գերմանացին ի պատասխան նշել է, որ միշտ ուրախ է ռինգում հանդիպել Աբրահամի հետ եւ համաձայնել է երրորդ ռեւանշ-մենամարտին: Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամի վնասվածքին, նրա մամլո խոսնակն ասաց, որ լուրջ խնդիր չկա, տեսողությանը վտանգ չի սպառնում, պարզապես հարվածից ակնախոռոչն այտուցվել է:




Լրահոս