Աշգաբադ-Երևան ուղիղ չվերթը կնպաստի զբոսաշրջության ընդլայնմանը. Երվանդ Զախարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշգաբադ-Երեւան ուղիղ չվերթի բացումը լուրջ խթան կարող է դառնալ հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների զարգացման եւ զբոսաշրջության ընդլայնման համար: Այս մասին, նայեմբերի 11-ին, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիեւի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նշենք, որ նոյեմբերի 10-11-ին Աշգաբադում տեղի է ունեցել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 7-րդ նիստը:

Նախարարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են համագործակցության հնարավորություններին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին էներգետիկային, գիտությանը եւ կրթությանը, մշակույթին, առողջապահությանը, զբոսաշրջությանը եւ սպորտին, գյուղատնտեսությանը, ավիացիային, առեւտրատնտեսական հարաբերություններին։ Անդրադարձ կատարվեց նախորդ նիստում նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքին։ Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրեցին կատարված աշխատանքների արդյունքները։

Իր ելույթում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն առանձնացրեց այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի տնտեսությունների միջեւ առկա է մեծ պոտենցիալ եւ այն իրացնելու համար առաջարկեց կազմակերպել տնտեսական համաժողովներ՝ երկու երկրների գործարարների եւ արդյունաբերողների մասնակցությամբ։ Ե.Զախարյանը կարեւորեց Աշգաբադ-Երեւան ուղիղ չվերթի բացման նպատակահարմարությունը, ինչը, նախարարի կարծիքով, լուրջ խթան կարող է դառնալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների զարգացման, այլեւ զբոսաշրջության ընդլայնման համար։

Հայ-թուրքմենական գործակցության համար բարենպաստ հիմքեր են ստեղծում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից մի շարք, մասնավորապես՝ կենսատեխնոլոգիաների եւ միկրոբիոլոգիայի ոլորտներում առաջարկված համագործակցության ծրագրերը։ Ակնկալվում է ակտիվացնել համագործակցությունը նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման, սելեկցիայի եւ սերմացուների արտադրության մեջ։

Աշխատանքների ավարտին ստորագրվել է հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի Արձանագրությունը։




Լրահոս