«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ այս երկուշաբթի Հայաստան կատարած այցից հետո սկզբում հայկական, այնուհետեւ նաեւ ռուսական լրատվամիջոցներում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ ռուսական կողմը ՀՀ իշխանություններին համոզում է Արցախի ազատագրված շրջաններից մի քանիսը վերադարձնել Ադրբեջանին: Ըստ լուրերի՝ Լավրովի այցի նպատակը եղել է շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցը ՀՀ իշխանությունների հետ քննարկելը: Բնականաբար, այս լուրերը ԱԺ պատգամավորների շրջանում մտահոգություններ են առաջացրել, եւ նրանք կառավարությունից պահանջել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը գնա խորհրդարան եւ պարզաբանումներ ներկայացնի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդարանում առաջիկայում այս նպատակով փակ քննարկում է կազմակերպվելու, որի ընթացքում Նալբանդյանը պատգամավորներին է ներկայացնելու Լավրովի այցի նպատակները: Ի դեպ, ՀՀԿ-ականներից շատերը մասնավոր զրույցներում ասում են, որ իրենց համար եւս անհասկանալի է, թե ինչ է իրականում տեղի ունենում ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: