ՈՐԴԻՆ ԼԱՑԱՑՐԵՑ ՐԱՖՖՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա հանրահավաքում իր որդու` Կարինի ելույթից հետո այնքան հուզվեց, որ անգամ արտասվեց:
Հովհաննիսյանի որդին հայտարարեց. «Այս մարդն այլեւս իմ հայրը չէ, եւ փետրվարի 18-ից հետո արդեն նա պատկանում է ձեզ, պայքարին, պատմությանը: Այս մարդը, ում շատ հաճախ ծաղրել են իր սիրո համար, ես էլ եմ ծաղրել, հեգնել են ժպիտի համար, եւ ես էլ եմ հեգնել, բայց նա ժպտացել է, գուցե շատերս չհասկացանք, թե ով է այս մարդը, այս ժպտերես զինվորը, ինչ է ուզում: Ես էլ չեմ հասկացել…»: Ըստ Կարինի՝ որեւէ մեկը չի կարող կոտրել ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանին, ո՛չ էլ հայ ժողովրդին: Այս խոսքերի ժամանակ Ր. Հովհաննիսյանը, չկարողանալով զսպել արցունքները, սկսեց արտասվել: Առաջին շարքերում կանգնածները միանգամից սկսեցին նրան թաշկինակ ու անձեռոցիկ առաջարկել: Հովհաննիսյանի հուզմունքը երկար չտեւեց:
Նա մոտեցավ խոսափողին ու հայտարարեց. «Վայ նրանց, ովքեր ապրիլի 9-ին սուտ են երդվելու»: Նա կոչ արեց այդ օրը դուրս գալ համազգային դասադուլի եւ գործադուլի: «Լինենք ազգովի՝ մեկնարկող նոր Հայաստանի հռչակման եւ երդմնակալության արարողությանը»,-նշեց «Ժառանգության» առաջնորդը` հավելելով, որ նույն՝ օրը ժամը 5-ին, տեղի է ունենալու երթ: «Միասին քայլելու ենք մեր հայրենիքի համար, նոր Հայաստանի ուխտով եւ գնալու ենք վերադարձնելու իշխանությունը ժողովրդին,-ասաց նա` հավելելով,-չփորձվեք Արցախի կամ որեւէ այլ հայրենի անկյունից սպեցնազ բերել: Ով գալու է, կանգնելու է ժողովրդի կողքին, որովհետեւ հաղթանակը նաեւ նրանցն է լինելու: Մինչեւ ապրիլի 9-ը, եթե որեւէ մարդ ասելիք ունի, մինչեւ ապրիլի 9-ն իր պաշտոնակատարումը իրացնող Սերժ Սարգսյանը կամ հայրապետը վեհափառ, եթե որեւէ մեկն ասելիք ունի, կլսենք, կգնահատենք ցանկացած քայլ դեպի ժողովուրդ, կգնահատենք նաեւ այդ քայլի բացակայությունը: Հայ մարդ ենք ու գիտենք, որ ապրիլի 9-ին ունենալու ենք ազգային միասնության տոն, եւ ոչ մեկը չի հարամելու մեր ազգային միասնությունը»:
Երեկվա հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա անդրադարձավ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը: «Ընկեր Հրաչն ամեն ինչ արեց, որ մեզ համար ապահովի խաղաղ կյանք, նա կռվեց մեր գոյության իրավունքի համար, բայց հենց իր կյանքն իր իսկ հայրենիքում խլեցին»,-ասաց Ռուստամյանը: Խոսեց նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ կարեւորելով իշխանությունների պատրաստակամությունն ընդդիմության հետ բանակցությունների գնալու հարցում: «Բայց դա չի կարող գոհացուցիչ լինել եւ չի հանգեցնի պարբերաբար կրկնվող հետընտրական լարվածությունների թուլացմանը, քանի դեռ իշխանությունները խուսափում են ընդունել երկրում կուտակված խնդիրների ողջ ծավալն ու լրջությունը եւ դրանց ծնող պատճառները վերացնելու անհրաժեշտությունը»,-ասաց նա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսեց Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության մասին. «Պատկերացրե՛ք մի տեսարան, որ Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում նեղ շրջանակի առաջ երդում է տալիս, իսկ ՀՀ քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում՝ ի նշանավորումն այն բանի, որ Սերժ Սարգսյանին չեն ընտրել որպես ՀՀ նախագահ ու չեն ճանաչում նրա իշխանությունը»:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս