ՀԱՂՈՐԴԵ՛Ք ՀԱՅՐԵՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությունը մտադիր է արմատապես վերացնել գործազրկությունը Հայաստանում: Եվ դրա համար մշակել է նոր ռազմավարություն, որը կոչվում է “Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարություն”: Դրանով սահմանված է, որ պետք է ընդունվի “Զբաղվածության մասին” ՀՀ օրենք:
ՀԱՐՑ. Ի՞նչ կտա այս ռազմավարությունը: Կօգնի՞ կրճատել գործազրկության թիվը, թե՞ սա էլ հերթական քննարկումներից կլինի եւ գործնականում կյանքի չի կոչվի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անկեղծ ասած, դեռ չեմ կարդացել այդ ծրագիրը, բայց առանձնապես մեծ հույսեր չեմ կապում ո՛չ այդ ծրագրի, ո՛չ էլ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հեքիաթների հետ: Ինչքանով Գյումրին դարձավ տեխնոպարկ, ինչքանով 340.000-դոլարանոց բիոզուգարաններով տոգորված 100.000-ավոր զբոսաշրջիկներ եկան Հայաստան, եւ տեսանք՝ ինչքանով իրագործվեցին Հայկական աշխարհի գաղափարները, ուղիղ այդքանով էլ Ձեր նշած ռազմավարական ծրագիրն իրականություն կդառնա:
ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր 
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես քանի գնում, այնքան անլուրջ եմ վերաբերում ՀՀ կառավարության ռազմավարություններին, քանի որ աղքատությունը քանի գնում, աճում է: Ըստ քաղշին նախարարի՝ Հայաստանում 30.000 անօթեւան ընտանիք կա, սա բնակչության 4,2 տոկոսն է, ,Հազարամյակի մարտահրավերե-ի հայաստանյան ծրագիրը պիտի 5 տարում լրացուցիչ 6 տոկոսով նվազեցներ գյուղական աղքատությունը, ծրագիրն ավիրեցին ՀՀ իշխանությունները, հիմա մեկը թող ելնի ասի, թե այդ ծրագրի շնորհիվ արդյոք 6 տոկոս նվազեց գյուղական աղքատությունը, եթե ոչ, ասի` թե պատասխանատվությունն ով կրեց դրա համար, գյուղացին պատիժը կրեց միայն: Գուցե ինչ-որ միջազգային պարտավորությամբ ստիպված են հերթական ռազմավարությունն ունենալ, որ վարկ ու պարտք պոկեն, ծակեր փակեն, իրենց գոյությունը սոցիալական բունտերով չվտանգվի հանկարծ: Չեմ կարծում, թե կառավարությունը քնից ելավ ու որոշեց դառնալ բարեխիղճ, սուտ կլինի: Եվ ամենագլխավորը, գործազրկությունը հնարավոր չէ վերացնել, այն կարելի է միայն նվազեցնել, հաղորդե՛ք կառավարությանը:
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ժուռնալիստների “Ասպարեզ”
ակումբի նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս