ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր Արարատի մարզի Գետափնյա գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գյուղի գազալցակայանում կրակոցներ արձակելու սպառնալիքներով գողության փորձ է կատարվել: Դեպքից հետո գյուղի երիտասարդները տարվել են ոստիկանություն՝ հարցաքննության:
Մեր տեղեկությունները մասամբ հաստատեց համայնքի ղեկավար Մկրտիչ Ազատյանը՝ նշելով միայն, որ նման դեպք եղել է, տուժողներ և վիրավորներ չկան. «Ես էլ եմ լսել դեպքի մասին, շատ մանրամասներ չգիտեմ: Գնացել եմ այնտեղ. ամեն բան կարգին է: Եթե երիտասարդներին հարցաքննության տանեին, ես կիմանայի»,- ներկայացրեց գյուղապետը:
Վերջինիս փոխանցմամբ՝ քաղաքից ինչ-որ երիտասարդներ են գնացել այնտեղ, դեռևս չհաստատված տեղեկություններով՝ փորձել են գողություն անել, արդյունքում՝ ստացվել է վերը նշվածը. «Մեզ մոտ չկան երիտասարդներ, որոնք նման բան կանեին: Սովորական գազալցակայան է, որտեղ մարդիկ շնորհքով գալիս են, իրենց գործն անում, գնում են»,- եզրափակեց համայնքապետ Մկրտիչ Ազատյանը:
Armlur.am-ը քիչ ուշ մանրամասներ կհայտնի դեպքից: